ՅՈւՆԵՍԿՕ-ն հանձնառու է հետևել տեղահանվածների ինքնության և մշակութային իրավունքների իրացմանը․ ԱԳ փոխնախարար

Մատենադարանում տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» խորագրով երևանյան միջազգային համաժողովը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բացման խոսքի ելույթում անդրադարձել է փախստականների և տեղահանվածների՝ մշակույթն իրացնելու խնդիրներին։ Դրսի գործընկերներին Սաֆարյանը վստահեցրել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանն անում է հնարավորը՝ հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար։

«Այնուամենայնիվ, մեր, ինչպես նաև այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել նման ճգնաժամերին, և միայն միջազգային համերաշխության շնորհիվ է հնարավոր հասնել դրանց հաղթահարմանը։ Համոզված ենք, որ այս տեսանկյունից ՅՈւՆԵՍԿՕ-ն ունի կենտրոնական դերակատարում` հետևելու 2005 թվականի կոնվենցիայի դրույթների կյանքի կոչմանը և ապահովելու, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ տեղահանվածներն ու փախստականները, ունենան ստեղծագործելու, հիշելու և ինքնության իրավունք։

Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր նվիրվածությունը այս Կոնվենցիայի արժեքներին, և մենք պատրաստ ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր անհատ՝ անկախ ծագումից կամ հանգամանքներից, կարողանա լիարժեք իրացնել իր մշակութային իրավունքները»,- ընդգծել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Leave a Comment