Վիրավոր եկեղեցին ու սկանդալային տեսանյութի աղմկոտ եզրակացությունը․ Մայր Աթոռում տոնական պատարագը միասնության կոչի առիթ է դարձել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագ է։ Հանուն հայ եկեղեցու միասնության և զորության՝ Սուրբ Գեղարդը մի քանի ժամով տեղափոխվում է տաճարի խորան, թափորը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Սուրբ պատարագի քարոզում Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը բոլոր հոգևորականներին կոչ է անում միավորվել, որովհետև եկեղեցին վիրավորված է․

«Եկեղեցին ներսից վիրավորված է և դրսից՝ ճնշումների տակ, հանրային անվստահությունը մեծ է, պետությունը հարձակվում է, եկեղեցին պաշտպանում է, կասկած է լուծվել մթնոլորտում։ Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների կծիկի մեջ, որոնք գոչվում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը, գժվելով, կվերածվի խմբավորումներ և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը, քաղաքական օրակարգերը վեր դասելով Ավետարանից և եկեղեցու գործունեությունից, կպարտվի նաև խոսքով ու հոգով»։

Գայթակղությունը մեծ է՝ մեղադրանքին մեղադրանքով, խեղաթյուրված խոսքին համարժեք խոսքով, արհամարհանքին արհամարհանքով պատասխանելու, շարունակում է Տեր Դանիելը, բայց նման վարմունքը կնշանակի հեռանալ քրիստոնեությունից ու եկեղեցուց։

«Պողոս Արաքյանը ասում է իր դիպուկ ճշմարտությունը՝ դուք Քրիստոսի մարմինն եք, և եթե մենք անընդհատ տառապում ենք, բոլորը միասին են տառապում։ Իսկ եթե մեկ անդամ պայծառանում է, բոլորդ միասին եք ուրախանում։ Մենք բոլորս Քրիստոսի օրինակով ենք ապրում, երբ եկեղեցին վիրավորված է, երբ մարդը մարդու դեմ է դուրս գալիս, երբ մոռանում է Քրիստոսին, Հայաստանը տառապում է»։

Սուրբ պատարագին մասնակցում է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նա չի պատասխանում իրեն վերագրվող սկանդալային տեսանյութի մասին հարցին, միայն ակնարկում է, որ առաջիկա օրերին կհանդիպ լրագրողների հետ։ Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը, լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացության համաձայն՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։ 

Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ թեև Արշակ արքեպիսկոպոսը կանչվել է ՔԿ, սակայն վերջինս հրաժարվել  է ծանոթանալ «ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»։ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում Բաբայանը կարծիք է հայտնել, որ տեղեկությունը հանրայնացնելով՝ ՔԿ-ն նախաքննական գաղտնիք է բացահայտել։

Բաբայանի դիտարկմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ունեին միջնորդելու, որ փորձագետին տան լրացուցիչ հարցեր, ինչի հնարավորությունից ևս զրկվել է։

«Այսինքն՝ եթե դուք որոշումը ի սկզբանե պարտավոր լինելով ծանոթացնել Արշակ Սրբազանին, չեք ծանոթացրել, դրանից հետո ուղարկել եք փորձաքննության, եզրակացություն եք ստացել մեկ օրվա մեջ, և դա էլ տրամադրել եք այլ անձի, ակնհայտ է դառնում, որ ամբողջությամբ բացակայում է այդտեղ օբյեկտիվությունը, հետևաբար, դրան վստահելը անհեթեթ կլինի, անիմաստ կլինի»։

Որ քննիչի եզրակացությունը տրվել է հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, հաստատում է մի խումբ հոգևորականների կողմից ստորագրված փաստաթուղթը, որտեղ նշված է, որ նրանք փորձաքննության եզրակացությունը ստացել են նոյեմբերի 25-ին՝ փորձաքննության նշանակման օրը։ Ուշագրավ է, որ արտահոսած այդ փաստաթղթի համաձայն՝ նոյեմբերի 5-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ, որը պետք է զբաղվեր «համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի ուսումնասիրությամբ և դրանց առնչությամբ եզրակացություն տար»։

Երբ ՔԿ-ն հաստատել է արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի ճշգրտությունը, հանձնախումբն այդ մասին տեղեկացրել է կաթողիկոսին։ Ըստ փաստաթղթի՝ վերջինս առ ոչինչ է համարել իր կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները։

Փաստաթուղթը ստորագրած բարձրաստիճան հոգևորականները պնդել էին «Գարեգին Երկրորդը դարձել է սրբապղծության հովանավոր և նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոններին, ուստի բոլոր հավատացյալները պետք է համախմբվեն՝ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին»։

Հոգևորականների այս հայտարարությանը նույն օրը արձագանքեց վարչապետ Փաշինյանը և ժամեր անց ընդունեց նրանց կառավարության շենքում․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, և կարծում եմ, որ այն թեման որ դուք արծարծել եք ձեր հայտարարության մեջ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ է առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ և եկել այն համոզման, որ խոսում ենք արժեքահեն հասրակություն, պետություն  ունենալու մասին, որովհետև ցանկացած պետություն, ինքը բացի իրավական տրամաբանությունից, չի կարող պետ լինել առանց հոգևոր արժեքներից, կարծում եմ, որ սա մի խնդիր է, որը մեր պետության հետագա զարգացման համար շատ կարևոր է»։

Դիտարկմանը, թե վարչապետի հյուրընկալած բարձրաստիճան հոգևորականներից մի քանիսի անունները ևս տարբեր քննարկումների կենտրոնում են եղել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես էր արձագանքել։

«Նախ՝ պայմանականորեն այս գործընթացը եկեք կոչենք վեթինգի համակարգ։ Երբ  խոսում ենք վեթինգի մասին, էդ վեթինգը հիմնականում պետք է իրականացնեն այն մարդիկ, ովքեր էդ համակարգի մասն են և մաքրեն համակարգը ներսից։ Այդ մարդուն, որպես նոր կաթողիկոս, բնական է, չեմ տեսնում, և դա իմ համար անքննելի հարցը է։ Թե ինքը ի՞նչ մասնակցություն կունենա, թե էդ ձեր նշած փաստերը ի՞նչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում»։

Վարչապետին հանդիպած հոգևորականներից մի քանիսը հաջորդ օրը բոյկոտեցին Մայր Աթոռում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարեց՝ դատապարտում են այդ կեցվածքը, կոչ անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը։

Նաև նշեցին, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անվան հետ կապվող ինտիմ սկանդալի քննության հարցը չի փակվել։ Ավելին, մինչև երեք հոգանոց հանձնախմբի եզրակացությունը ստանալը կարող է քննարկվել նաև սրբազանի ծառայության ժամանակավոր կասեցման հարցը։

Leave a Comment