
Վերջին օրերին հայկական Ֆեյսբուքում վիրուսային տարածում է գտել գայթակղիչ, բայց վտանգավոր խաղարկություն։ Այս մասին զգուշացնում է cyberhub.am կայքը։
Կեղծ էջերը, ներկայանալով որպես հայտնի սուպերմարկետներ, խոստանում են նվիրել թանկարժեք մեքենաներ։
Եթե տեսել եք նման գրառում և մտածել մասնակցելու մասին, կանգ առեք։ Սա դասական «ֆիշինգ» (phishing) հարձակում է։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք՝ ձեր տվյալներն ու գումարը պաշտպանելու համար։
Ինչպե՞ս է աշխատում խաբեությունը
Խարդախները ստեղծում են կեղծ էջեր, օրինակ՝ «yerevan City.» (ուշադրություն դարձրեք կետին) կամ «Carrefour fans» ։ Սխեման գործում է երեք պարզ քայլով.
- Խայծը. խարդախները տեղադրում են Volkswagen Tiguan R-Line մեքենայի նկարներ և հայտարարում, թե Սուրբ Ծննդյան առթիվ որոշել են ուրախացնել մարդկանց՝ նվիրելով մեքենաներից մեկը։ Գրառման տակ նրանք խնդրում են գրել «@» և սեղմել «highlight» (ընդգծել), խոստանալով, որ եթե մեկնաբանությունը «կապույտ դառնա», դուք կմասնակցեք խաղարկությանը ։ Սա արվում է Ֆեյսբուքի ալգորիթմը խաբելու և գրառումը ավելի շատ մարդկանց ցուցադրելու համար։
- Կեղծ հաղթանակը. հենց դուք մեկնաբանություն եք թողնում, վայրկյանների ընթացքում ստանում եք նամակ (Messenger-ով)։ Բոտը էջի անունից, շնորհավորում է ձեզ՝ ասելով, որ դուք պաշտոնապես ընտրվել եք հաղթող։
- Թակարդը. այստեղ սկսվում է վտանգավոր մասը։ Նամակում ասվում է, որ ժամանակը սահմանափակ է (օրինակ՝ ունեք 10 րոպե), և պետք է արագ գրանցվել՝ մրցանակը ստանալու համար։ Հղումը սեղմելիս դուք հայտնվում եք կասկածելի կայքում, որտեղ ձեզնից պահանջում են՝
- Բանկային քարտի տվյալներ. Խաբեբաները պնդում են, թե դա միայն «անվճար ստուգման» համար է, բայց իրականում կարող են գողանալ ձեր գումարը։
- Ներբեռնել անհայտ հավելվածներ. Որոշ դեպքերում համակարգը պահանջում է ներբեռնել VPN ծրագրեր (օրինակ՝ Mix VPN) կամ ուղարկել վճարովի SMS հաղորդագրություններ։
Ինչպե՞ս տարբերել կեղծիքը
Եթե ուշադիր լինեք, կնկատեք մի քանի ակնհայտ նշաններ.
- Վատ հայերեն. Տեքստերը թարգմանված են Google Translate-ով։ Օրինակ՝ «եթե ձեր մեկնաբանությունը դառնա կապույտ» կամ «մենք որոշեցինք ուրախություն պարգևել բոլորին» արտահայտությունները բնական չեն հնչում։
- Էջի որակը. Էջերը նոր են ստեղծված, չունեն իրական հետևորդներ կամ գնահատականներ (Not yet rated) ։
- Շտապեցում. Խարդախները միշտ փորձում են ստիպել ձեզ գործել արագ (օրինակ՝ «մինչև միջոցառման ավարտը», «ժամանակը սահմանափակ է»), որպեսզի չհասցնեք մտածել։
- Կասկածելի հղումներ. Նրանք օգտագործում են tinyurl.com կամ blogspot.com տիրույթի հղումներ՝ պաշտոնական կայքերի փոխարեն։
Ի՞նչ անել
Մի՛ մեկնաբանեք. մի՛ գրեք «@highlight», դա միայն օգնում է խարդախներին տարածել գրառումը։
Մի՛ բացեք հղումները. եթե ստացել եք «հաղթանակի» մասին նամակ, մի՛ անցեք հղումով։
Բողոքարկեք (Report). սեղմեք էջի կամ գրառման վրա և ընտրեք «Report» -> «Fake Page» կամ «Scam» տարբերակը։
Տեղեկացրեք ընկերներին. կիսվեք այս տեղեկատվությամբ, որպեսզի ձեր մտերիմները ևս չընկնեն թակարդը։
Հիշեք՝ սուպերմարկետները մեքենաներ չեն նվիրում Ֆեյսբուքի մեկնաբանությունների դիմաց։ Եղե՛ք զգոն։