«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագայի շուրջ անորոշությունն աճում է։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գերմանացի մասնագետի հեռանալն ավելի հավանական է, քան կողմերի միջև համագործակցության շարունակությունը։ Ֆլիկը մեծ ճնշման տակ է թիմի անկայուն արդյունքների պատճառով և քննադատության մի մասը համարում է անարդարացի։
Իրավիճակը սրվում է մի շարք խաղացողների, մասնավորապես Լամին Յամալի և Ռոբերտ Լևանդովսկու հետ նրա լարված հարաբերությունների պատճառով։
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն արդեն քննարկում են Ֆլիկին հնարավոր փոխարինողների տարբերակները։
Նշվում է, որ այս պահին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆավորիտն է, բայց փարիզյան գրանդը չի պատրաստվում նրան բաց թողնել։ Երկրորդ թեկնածուն Սեսկ Ֆաբրեգասն է, որը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում «Կոմոյում» և ավելի ու ավելի է գրավում կատալոնացիների ուշադրությունը։