2029 թ․ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ունենան ապահովագրված առողջություն։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծը՝ հարակից 22 նախագծերով։ 3,5 տարի քննարկված օրենսդրական փաթեթը, ըստ առողջապահության նախարարի, լիարժեքորեն պատրաստ է, հունվարի 1-ից կարող է ապահովել շահառուների առաջին խմբի սպասարկումը։ Ովքե՞ր են նրանք, ի՞նչ պայմաններով են օգտվելու առողջապահական ապահովագրությունից, և ո՞ր խնդիրներն են մտահոգություններ առաջացնում:
Մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, հաշմանդամության կարգ, անապահովության 28-ից բարձր բալ, 200 հզր դրամից բարձր աշխատավարձ ունեցող քաղաքացիները 2026-ի հունվարից ընդգրկվելու են առողջության պարտադիր ապահովագրության համակարգ։ Եթե առաջինների համար վճարումն անելու է պետությունը, ապա 200 հզր դրամից ավելի աշխատավարձ ստացողները դա կանեն ինքնուրույն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ «Զինապահ» հիմնադրամին վճարվող գումարները կուղղվեն ապահովագրական համակարգին։
Մնացած մասը կվճարի քաղաքացին, սակայն հետ կստանա եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգում գործող սոցիալական կրեդիտների միջոցով։
«Ես միանգամից ուզում եմ հստակ պատասխանել այդ մտահոգություններին։ Հարգելի գործընկերներ, հարգելի և սիրելի ժողովուրդ, կառավարությունը, Կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը կատարել են հստակ հաշվարկներ, և «Զինապահ» հիմնադրամը իր կուտակած միջոցների և հաջորդիվ շարունակվող այն միջոցների, որ մենք դեռ շարունակելու ենք վճարել, անելու է իր բոլոր պարտավորությունները։ Երբ պետությունը օրենք է ընդունել և քաղաքացիներից հայցել է հավելյալ վճարներ, կարիքը եղել է։ Հիմա պետությունը դրա կարիքի վերացման պարագայում հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիներին շարունակելու հոգ տանել իրենց առողջությունը»։
Տարվա համար ապահովագրավճարն արժենալու է 125․600 դրամ։ Թե ինչ ծառայություններ կծածկվեն այս գումարով, դեռ հայտնի չէ։ Կառավարության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ դրանք կյանք փրկող, հաշմանդամություն կանխող, մարդու առողջությունը հիմնականում վերականգնող ծառայություններ են։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը կհաստատի ծառայությունների շրջանակը՝ առանձին ենթաօրենսդրական ակտով։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, սակայն, անտրամաբանական են համարում օրենքի ընդունումը առանց ծառայություններին ծանոթանալու։ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյան․
— Եթե հունվարի 1-ից սկսած պետք է պրոցեսը առաջ գնա, ես չեմ կարողանում հասկանալ, թե Դուք մինչև հիմա ոնց չեք ձևավորել գնացուցակները, ծածկույթը։ Հիմա ի՞նչ մի դժվար բան կա, եթե մի ամիս հետո պետք է գործընթացը գնա, արդեն դա պատրաստած լինեիք, մեզ էլ փոխանցեիք, մենք էլ իմանայինք, Ձեզ էլ գովեինք, ասեինք` էս ինչ լավ փաթեթ եք ներկայացնում։ Չե՞ք տեսնում, որ Դուք ուղղակի մեծ բացթողում եք ունեցել։ Էսօր ուզում եք Ազգային ժողովի պատգամավորը քվեարկի մի օրենքի համար, որի ամբողջական պատկերացումը Դուք էս պահին դեռ չունեք։
— Ես կխնդրեմ իմ խոսքերը չխեղաթյուրել։ Փաթեթները կազմված են, դրանք նախագծեր են, կառավարության ենթաօրենսդրական նախագծեր են։ Ենթաօրենսդրական նախագծերը կվերջնականացվեն, երբ օրենքը հաստատվի։ Մենք, հարգելի տիկին Գրիգորյան, Ազգային ժողովում էլ դեռ օրենքը փոփոխելու հնարավորություն ունենք»։
Ապահովագրությունը պարտադիր է լինելու բոլորի, նաև նրանց համար, ովքեր արդեն իսկ ունեին ապահովագրական փաթեթներ մասնավոր ընկերություններում։ «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվում է՝ ինչ է լինելու արդեն գործող փաթեթների հետ։
— Ի՞նչ է սպասում էն մարդուն, որ հրաժարվում է պետական պարտադիր ապահովագրության փաթեթին միանալուց և ուզում է շարունակել մինչև հիմա մասնավոր ընկերությունում․․․ չի՞ կարող։ Այսինքն՝ պարտադիր է։ Հիմա էն մարդը, որ մասնավոր կազմակերպությունում ապահովագրվել է, ենթադրենք 25 թվականի հոկտեմբերից մեկ տարվա պայմանագիր ունի և հունվարի 1-ից հետո մենք նրան պարտադրում ենք, որ ամսական 10․800 վճարի, նա էլ պայմանագիր ունի էդ կազմակերպության հետ մեկ տարվա։ Նման մարդկանց ի՞նչ ճակատագիր է սպասում։ Նա պետք է մասնավորի հետ արդեն գոյություն ունեցող պայմանագիրը շարունակի կյանքի կոչել և պլյուս՝ 10․800, և էն պարագայում, երբ որ մասնավորի հետ կնքված պայմանագրով նրա տարեկան վճարը ավելի փոքր է, քան 129․800-ը, և նրան առաջարկվող ծառայությունների փաթեթը հիմնականում ավելի մեծ է, քան էս պարագայում։
— Ինչպե՞ս եզրահանգեցիք, որ այն փաթեթն ավելի մեծ է։
— Որովհետև ես քանի դեռ էդ ծածկույթը հրապարակված չեմ տեսել։
— Եթե չեք տեսել, ո՞նց եք ասում, ինչի՞ հետ ենք համեմատում։ Այո՛, սա պարտադիր ապահովագրական համակարգ է, և անձը պիտի ունենա բազային պետական ապահովագրական փաթեթը, եթե դրան հավելյալ ուզում է ունենալ մասնավոր ապահովագրական ծածկույթ, նա շարունակելու է ունենալ։
Մարդը, որն ապահովագրություն չի ունեցել, շահեկան դիրքերում է, իսկ նա, ով մասնավորի հետ արդեն կնքել է պայմանագիր, կտուժի՝ եզրակացնում է Արմենհուհի Կյուրեղյանը։ Նա սա նաև մասնավորի համար է լուրջ հարված համարում։
— Էս պարագայում մենք հաշվի՞ ենք առել մասնավոր ապահովագրական ընկերությունների ֆինանսական վիճակը, ի վերջո, նրանք իրենց գործունեությունը ծրագրել են՝ հաշվի առնելով, որ ունեն N հատ պայմանագիր, պետք է գումարը ստանային, արդյո՞ք իրենց գործունեությունը էսպես չի խաթարվում և էսպես մենք չե՞նք հարձակվում, կամ մենք փաստի առաջ չե՞նք կանգնեցնում էդ մասնավոր ընկերություններին։
— Միանգամից չէ․ մենք 3,5 տարի է՝ մոդելը արդեն վերջնականացրած, քննարկված է։ Նրանց հետ մենք ունեցել ենք հանդիպումներ, ոչ մի բան միանգամից չէ, վաղվանից չէ, և մեր ապահովագրական ընկերությունները, ունենալով բիզնես պրոցեսներին արագ հարմարվելու ունակություններ, կարողություններ, արդեն իսկ վստահաբար ձևավորում են նաև պլյուս փաթեթների իրենց առաջարկները։ Չեմ կարծում, որ էսօր, օրինակ, հայտնի է, թե չորս տարի հետո էս կյանքում ինչ է լինելու, բայց էս պարագայում մոտավորապես երեք տարի առաջ արդեն հայտնի էր մոդելը։
Ըստ նախարարի՝ այսօր արդեն հայտնի է, թե ինչ է լինելու չորս տարի անց․ Հայաստանի բոլոր քաղաքացիները կունենան առողջապահության ապահովանգրություն։ 2026-ին սահմանված խմբերի ներկայացուցիչների ապահովագրումից հետո՝ 2027-ին, համակարգ կներառվեն մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028-ից՝ մյուս քաղաքացիները։