Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի և թիմի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները սկսել են կարգավորվել, ինչն էապես փոխել է մթնոլորտը հանդերձարանում։ Ըստ AS-ի՝ դրական տեղաշարժը հնարավոր է դարձել վերջին օրերին կայացած մի շարք հանդիպումների, հեռախոսազրույցների և կողմերի միջև ակտիվ երկխոսության շնորհիվ։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում Ալոնսոյի գլխավորած մարզչական շտաբի և խաղացողների միջև առկա խնդիրների մասին։ Մասնավորապես նշվում էր, որ Վինիսիուսը մարզչի հետ բարդ հարաբերությունների պատճառով չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակի բարելավման առանցքային գործոնը ֆուտբոլիստների կողմից պատասխանատվության գիտակցումն է եղել։ «Սերուցքայինները» հասկացել են, որ թիմի արդյունքների համար մեծամասամբ հենց իրենք են պատասխանատու և պետք է գործեն որպես միասնական կոլեկտիվ՝ կառուցողական հարաբերություններ հաստատելով մարզչի հետ։ Իր հերթին Խաբի Ալոնսոն եկել է այն եզրահանգման, որ սաների հետ մերձեցումը թույլ կտա ստանալ նրանց լիակատար աջակցությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում 4։3 հաշվով հաղթել էր հունական «Օլիմպիակոսին»։ Իսպանիայի առաջնության շրջանակում մադրիդյան թիմի հաջորդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 30-ին՝ «Ժիրոնայի» դեմ։