«Աբերդինի» գլխավոր մարզիչ Ջիմի Թելինը դժգոհություն է հայտնել այն բանից, թե ինչպես իր թիմը անցկացրեց Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Պիտոդրի» մարզադաշտում կայացած «Նոայի» դեմ հանդիպման վերջնամասը։
Մարզիչը նշել է, որ առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ հաջող էր․ թիմը կարողացավ ճիշտ պահի գոլ խփել, չնայած գործողություններին պակասում էր վերջին վճռորոշ հարվածի որակը։ Սակայն իրավիճակը փոխվեց ընդմիջումից հետո, երբ մրցակիցը փոխեց մարտավարությունը։
«Մենք չափազանց լարված էինք և սկսեցինք չափազանց շատ անհատական խաղի վրա հույս դնել։ Երբ խաղացանկը խիտ է, պետք է հավատարիմ մնալ հիմունքներին և թիմային խաղին, անգամ եթե խաղադաշտ են դուրս գալիս փոխարինող ֆուտբոլիստները։ Դրա փոխարեն մենք կայացնում էինք անհատական որոշումներ և հեշտությամբ կորցնում գնդակը», — նշել է մարզիչը։
Նա ընդգծել է, որ թիմը կորցրել էր կապը խաղադաշտում՝ հատկապես վերջին 10-15 րոպեների ընթացքում, երբ անհրաժեշտ էր ստեղծել ընդամենը մեկ պահ` հաղթանակի համար։
«Երբեմն մենք ունեինք 3-4 խաղացող տուգանային հրապարակում, բայց գնդակը պահում էինք դրսում։ Մրցակցին ճնշելու միակ միջոցը տուգանային հրապարակի մատույցներում թվային առավելություն ստեղծելն է, բայց մենք տատանվում էինք», — ասել է Թելինը։
Թելինը խոստովանել է, որ ոչ-ոքին արդարացի արդյունք էր, քանի որ «Աբերդինը» բավականաչափ ուժեղ չէր հաղթելու համար։ Այս արդյունքը բարդացրել է շոտլանդական ակումբի գործը մրցաշարային աղյուսակում։
«Մեզ անհրաժեշտ էր հաղթանակ։ Հիմա մենք պարտավոր ենք հաղթել մնացած երկու խաղերում և հուսալ, որ այլ հանդիպումների արդյունքները մեր օգտին կլինեն, քանի որ այլևս ամեն ինչ մեր վերահսկողությունից դուրս է»։