Դպրոցում սեփական արտադրանքով եկամուտ ստացող աշակերտներ․ միջազգային փորձի հիմքով կփոխվի՞ դպրոցի պատկերը

Համաժողով Երևանում՝ «Երիտասարդների և սոցիալական ձեռնարկատիրության՝ տարածաշրջանային, ազգային և միջազգային մարտահրավերները» թեմայով։ Քննարկման առանցքում միջին մասնագիտական հաստատություններից դեպի աշխատաշուկա խզված կապին առնչվող հարցերն են ու դրան հանգեցնող խնդիրները։ Նախաձեռնությունը «Բիզնես ու կրթություն» ասոցիացիայինն է։

Կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը համոզված է, որ աշխատաշուկայում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն եռակողմ համագործակցությամբ՝ պետության, կրթական համակարգի ու  բիզնեսի։ «Պատճառներից  մեկն  էլ այն է,  որ կապող օղակ չկա, հարթակ չկա, որում և բոլոր կողմերը պետք է ի մի բերեն՝ ինչի կարիք ունի կրթությունը, ինչի կարիք ունի գործարարը, ինչով կարող է աջակցել պետությունը։ Տարիներ ի վեր  մեր ասոցիացիան փորձում է դառնալ այդ հարթակն ու հստակեցնել անհրաժեշտ օրենսդրական քայլերն ու ներբերել միջազգային փորձը»,-ասում է Ժամկոչյանը։

Տեսական գիտելիքը գործնական հմտության վերածելու ճանապարհին մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել․ վերանայվել են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու սոցիալական ձեռնարկատիրության մասին օրենքները, սակայն դրանցում շարունակում են որոշակի բացեր մնալ։ «Քանի որ շրջանավարտները, որպես կանոն, պրակտիկ փորձառություն չունեն, ուստի գործատուն ստիպված է  լինում երկար ժամանակ ու ջանք գործադրել, որ աշխատողը պրակտիկ հմտություններ ձեռք բերի հենց աշխատանքի պրոցեսում, ինչը երբեմն երկար ու անարդյունավետ ջանքեր է արժենում»,-ասում է։ Ասոցիացիայի նախաձեռնությամբ և առաջարկով վերանայված  օրենքը թույլ է տալիս, որ, օրինակ, դպրոցներում աշակերտները կարողանան ձեռնարկատիրությամբ զբաղվել, այն է՝ փոքր արտադրություն նախաձեռնել ու եկամուտ ստանալ։ Բայց այս ուղղությամբ դեռ անելիքներ կան։

Leave a Comment