ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական օգնության որակի, առողջապահական մարմինների արձագանքների և համագործակցության բացերի վերաբերյալ
Դիտորդական խումբը մեկ անգամ ևս արձանագրում է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման համակարգը շարունակում է մնալ խիստ անբավարար և մտահոգիչ։ Իրավիճակը բնութագրվում է ինչպես բուժօգնության մատչելիության լուրջ խոչընդոտներով, այնպես էլ առողջապահական մարմինների ոչ արդյունավետ փոխգործակցությամբ։
Ավելի վաղ Խումբը հայտնել էր, որ 2025թ․-ի հոկտեմբերի 17-ին իրականացվել է չհայտարարված այց «Աբովյան» ՔԿՀ։ Այցի ընթացքում ևս մեկ անգամ պարզ է դարձել, որ նույնիսկ ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով անձանց բուժօգնությունը պատշաճ չի տրամադրվում։
Մասնավորապես արձանագրվել է դեպք, երբ քաղցկեղով հիվանդ ազատազրկված անձը երկար ժամանակ մնացել է առանց անհրաժեշտ քիմիաթերապիայի։ Այս հանգամանքը լրջագույն վտանգ է ստեղծում նրա կյանքի և առողջության համար և փաստում է բուժօգնության մատուցման ընթացակարգերի խաթարումը։
Նշված և այլ խնդիրների կապակցությամբ Խումբը Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 2025թ․-ի հոկտեմբերի 27-ին և ապա կրկնակի անգամ 2025թ․-ի նոյեմբերի 5-ին գրություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությանը։ ՀՀ ԱՆ-ին հասցեագրված գրությունը վերահասցեավորվել է Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին /ՊՈԱԿ/, պատասխանի վերջնաժամկետն էլ սահմանվել է 2025թ․-ի նոյեմբերի 12-ը։
Խումբը մինչ օրս չի ստացել գրության պատասխանը, որով խախտվել են Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթները, ինչպես նաև խոչընդոտվել է Դիտորդական խմբի գործունեությունը։
Միայն օրեր առաջ ՊՈԱԿ-ի Աբովյանի ստորաբաժանման բժիշկները քաղցկեղով հիվանդ ազատազրկված անձին տեղեկացրել են, որ անհրաժեշտ դեղամիջոցը արժե 30.000 դրամ։ Արդյունքում անձը ստիպված փորձել է իր հարազատների և ծանոթների միջոցով գումար հայթայթել՝ բուժումը չդադարեցնելու համար։
Այսպիսի իրավիճակները ոչ միայն հակասում են ՀՀ օրենսդրությանը, այլ նաև խախտում են ազատազրկվածների առողջության իրավունքը՝ ըստ Եվրոպայի Խորհրդի CPT ստանդարտների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի։
Ցավով ենք նշում, որ 2025թ-ի նոյեմբերի 25-ին Azatutyun TV-ի Լրատվական կենտրոնի թողարկման ընթացքում ՀՀ ԱՆ Մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, ի պատասխան Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանի խոսքին, Խմբի կողմից հավաքագրված տվյալների հիման վրա արտահայտած կարծիքը որակել է որպես <<սիրողական>>։
Խմբին հղվող նման բնորոշումները և գնահատականները անընդունելի են և չեն համապատասխանում պետական մարմինների պատշաճ, մասնագիտական և կառուցողական համագործակցության սկզբունքներին։
Դիտորդական խումբը կոչ է անում ոլորտի մասնագետներին զերծ մնալ անհարկի որակումներից և ամբողջ ուշադրությունը ուղղել ՀՀ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց առողջական վիճակի բարելավմանը միտված արդյունավետ աշխատանքին։
Խումբը բժշկական հաստատություն չէ։ Խմբի գործառույթն է՝ արձանագրել ազատազրկված անձանց իրավունքների խախտումները և բարձրաձայնել դրանք համապատասխան պետական մարմիններում, և այդ աշխատանքը Խումբը իրականացնում է իրավական մանդատի և էթիկական նորմերի սահմաններում։
Հաշվի առնելով խնդիրների համակարգային բնույթը՝ Դիտորդական խումբը կոչ է անում համապատասխան գերատեսչություններին
– պատշաճ կերպով և օրենքով սահմանված ժամկետներում պատասխանել Խմբի գրություններին,
– ապահովել ՔԿՀ-ներում բուժօգնության մատչելիությունը և որակը,
– ամրապնդել վերահսկողական մեխանիզմները և հաշվետվողականության մակարդակը։
Դիտորդական խմբի 2025թ․-ի համապարփակ զեկույցում կներկայացվեն մանրամասն վերլուծություններ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների, ազատազրկվածների բողոքների, բուժօգնության մատչելիության, դեղորայքի տրամադրման և սպասարկման որակի վերաբերյալ։
Խումբը կշարունակի իր անկախ մանդատով վերահսկել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում հանդես կգա լրացուցիչ հրապարակային գնահատականներով։
Դիտորդական խումբ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: