Վաղվա հաղթանակը մեզ թույլ կտա երազել ավելիի մասին․ Աբերդինի կիսապաշտպան — Armsport.am

Շոտլանդական «Աբերդինի» կիսապաշտպան Ադիլ Աուշիշը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայանալիք «Նոայի» դեմ տնային հանդիպմանն ընդառաջ խոսել է խաղի կարևորության, թիմի հոգեբանական վիճակի և մրցակցի մասին։

«Սա միանշանակ վճռորոշ հանդիպում է մեզ համար։ Եթե ցանկանում ենք հաջողության հասնել այս մրցաշարում և պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու հույսերը, պարտավոր ենք հաղթել։ Թեև այս պահին ունենք ընդամենը մեկ միավոր, ես վստահ եմ, որ որակավորման փուլը հաղթահարելը դեռ իրատեսական է։ Վաղվա հաղթանակը մեզ թույլ կտա երազել ավելիի մասին։ Եվրոպական երեկոները այստեղ միշտ յուրահատուկ են, և մենք ուզում ենք երկրպագուներին պարգևատրել հաղթանակով»։

«Աբերդինը» մոտենում է հանդիպմանը 4 խաղից բաղկացած անպարտելի շարքով։ Աուշիշի խոսքով՝ «Հարթսի» նկատմամբ տարած հաղթանակը մեծապես նպաստել է թիմում դրական մթնոլորտի ձևավորմանը։

«Մեր ինքնավստահությունն աճում է։ Լառնակայում լավ պաշտպանվեցինք, հիմա պետք է կենտրոնանանք գոլային պահերի և դրանց իրացման վրա։ Ինչ վերաբերում է իմ դիրքին, մարզիչն առաջարկեց խաղալ ավելի խորքից՝ պաշտպանների դիմաց։ Դա ճիշտ որոշում էր․ այստեղ ես ինձ ավելի «կենդանի» եմ զգում, շատ եմ շփվում գնդակի հետ և կարողանում եմ առավելագույն օգուտ տալ թիմին։

Մարզչական շտաբը մեզ մանրամասն հրահանգներ է տվել մրցակցի դեմ խաղալու վերաբերյալ, մենք ունենք հստակ ծրագիր։ Սակայն ամենակարևորը սեփական ուժերին հավատալն է։ Մեզ համար ավելի լավ կլինի չափից շատ չկենտրոնանալ մրցակցի վրա, այլ պարզապես ցուցադրել մեր լավագույն խաղը»,- եզրափակել է ֆուտբոլիստը։

Leave a Comment