ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հետաքրքիր նվերներ է ստացել, որոնք ընդգրկված են ԿԿՀ-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթում»։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Անդրեասյանը նվեր է ստացել Ֆիրդուսիի «Շահնամե» ստեղծագործության փայտե տուփով գիրք։ Նա այդ նվերը ստացել է ԻԻՀ աշխատանքային այցի շրջանակներում։ Նվերի արժեքը գնահատվել է 91,441 դրամ։
Նույն այցի ընթացքում նախարարին նվիրել են նաև գորգ՝ 148,070 դրամ արժողությամբ։ Նշենք, որ այդ այցի ընթացքում նրան նվիրել են նաև ազգային զարդանախշերով պղնձե ծաղկամանների հավաքածու և ասեղնագործ սեղանի սփռոց՝ ընդհանուր 227,574 դրամ գնահատված արժեքով։
Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությունը Անդրեասյանին նվիրել է Shapagat մակնիշի հատուկ թողարկման «ոսկե» ճենապակյա թեյի սպասքի հավաքածու, որի արժեքը կազմել է 167,134 դրամ։
Նույն միջոցառման շրջանակներում նախարարն ստացել է նաև Ղազախստանում գործող Louis Vuitton խանութ-սրահի նվեր քարտ և ձեռագործ մարգարիտե վզնոց-շղթա, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 397,850 դրամ։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի են այն նվերները, որոնք տրվում են պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ, հրապարակային միջոցառումների ընթացքում սովորաբար տրվող նվերները, ինչպես նաև ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակները, դրամաշնորհները կամ նպաստները՝ տրամադրված հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով կամ այլ թափանցիկ գործընթացի միջոցով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։
Միաժամանակ, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60,000 դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում են որպես այդպիսիք։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։