«Սիգմայի» սլովակ պաշտպան Տոմաշ Հուկը իր թիմի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի՝ Հայաստանի չեմպիոն «Նոայի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Մարզիչները երկար տեսանյութ են պատրաստել, որտեղից կարելի էր շատ տեղեկություններ քաղել։ Բայց ամեն ինչ ցույց կտա միայն խաղադաշտը: Մենք պետք է կենտրոնանանք նաև մեզ վրա», — կարծում է Հուկը։
— Առջևում եվրոգավաթային հերթական հանդիպումն է։ Ինչպիսի՞ն է ձեր տրամադրությունը։
— Մենք, իհարկե, բոլորս անհամբերությամբ սպասում ենք այս խաղին։ Նման խաղերը յուրահատուկ են։ Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ լիգայի փուլի խաղերը քիչ են, ուստի մեր նպատակն է՝ «Նոայի» դեմ մենամարտը հաղթահարել լավ արդյունքով։
— «Լավ արդյունք» ասելով՝ հաղթանա՞կն եք նկատի ունենում։
— Հենց այդպես։ Դա կլիներ իդեալական սցենար։ Բայց մենք գիտենք, որ նման խաղերում տնային դաշտը մեծ նշանակություն ունի։ Սա շատ դժվար խաղ կլինի։ Հավատում եմ, որ մենք լավ ենք պատրաստվել, թեև ժամանակը քիչ էր։ Հուսով եմ, դա տեսանելի կլինի խաղադաշտում։ Նպատակը հաղթանակն է, բայց Երևանում ոչ-ոքին նույնպես վատ արդյունք չէր լինի։
— Մարզիչ Յանոտկան ասել էր, որ «Նոան» անհատականություններով լի թիմ է։ Ինչպե՞ս եք պատրաստվել խաղին։
— Մինչ այժմ մենք ավելի շատ աշխատել ենք համակարգային խաղի վրա։ Հանդերձարանում տեղեկություններ ստացանք «Նոայի» խաղացողների ուժեղ և թույլ կողմերի մասին։ Մարզիչներն ու օգնականները դեռ մի քանի դիտարկում կավելացնեն։
— Որո՞նք են մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։
— Մենք գիտենք, որ «Նոան» ագրեսիվ ֆուտբոլ է խաղում։ Նրանք ակտիվորեն կփորձեն ճնշել։ Պետք է զգոն լինել։ Հաճախ նրանք ունենում են նման «հեյ-հո»-պրեսինգ։ Պետք է արագ աշխատել գնդակով։ Ինչ վերաբերում է անհատականություններին, «Նոայի» բոսնիացի հարձակվողը շատ տհաճ մրցակից է։ Մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք պատրաստվելու համար։
— Ամռանը դու ասացիր, որ կարող ես խաղալ պաշտպանության ցանկացած դիրքում։ Դու դա բավականին վստահ ես անում։ Ինչպե՞ս է քեզ հաջողվում։
— Ուրախ եմ, երբ խաղաժամանակ եմ ստանում։ Փորձում եմ օգնել թիմին՝ լինի դա պահեստայինների նստարանից, թե մեկնարկային կազմում։ Ինձ շատ է օգնում Լեհաստանում և Սլովակիայում ձեռք բերած փորձը։ Դա իսկապես հեշտացնում է դիրքերի միջև անցումը։
— Անցած տուրում դուք խաղացել եք «Ռակուվի» դեմ։ Լեհական ակումբները ծանոթ են չեխական թիմերին, բայց Հայաստանը էկզոտիկա է։ Ինչպե՞ս եք պատրաստվում այդքան քիչ հայտնի մրցակցին։
— Տեսանյութ, տեսանյութ և կրկին տեսանյութ։ Նման մրցակցին պետք է ուշադիր ուսումնասիրել։ Մարզիչները երկար տեսանյութ են պատրաստել, որտեղից կարելի էր շատ բան հասկանալ։ Բայց իրականությունը ցույց կտա միայն խաղը։ Մատուշ Մալին արդեն խաղացել է «Նոայի» դեմ, նա նույնպես կկիսվի տեղեկություններով։ Բայց, այնուամենայնիվ, կարևոր է կենտրոնանալ սեփական խաղի վրա։ Ես լսել եմ, որ մենք ամենաշատ մետրերն ենք վազում բարձր ինտենսիվությամբ. դա նորից կլինի մեր ուժեղ կողմը հինգշաբթի օրը։