Հանրային ռադիոյից 2376 կմ հեռու․ «Ռադիոլուրի» 2 ռեպորտաժ՝ չեխական փառատոնում

Օրերս Չեխիայի Օլոմոուց քաղաքում անցկացվում էր Prix Bohemia radio festival-ը՝ Չեխիայի հանրային ռադիոյի կողմից ամեն տարի կազմակերպվող փառատոնը, որին այս տարի մասնակցել է նաև Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագրի լրագրող Աննա Հարությունյանը։ Աննան Երևանից Օլոմոուց էր տարել միանգամից 2 ռեպորտաժ, դրանցից մեկը պատմում է Ալավերդիի 2024-ի ջրհեղեղի և մյուսը՝ Սերգեյ Փարաջանովի՝ «Ուկրաինայի ազգային լեգենդ» կոչմանն արժանանալու մասին։

Հայաստանի Հանրային ռադիոյից՝ Ռադիոտնից ուղիղ գծով 2376 կմ արևմուտք եվրոպացի գործընկերներս ներկայացնում են իմ պատրաստած ռեպորտաժը։ Ազգանունս դժվարությամբ են կարդում, մի քանի անգամ ներողություն են խնդրում։ Անգլերեն ենթագրերով լսում ենք ռեպորտաժս, որը պատրաստել եմ մի քանի ամիս առաջ, մի սովորական աշխատանքային օր, և մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ Չեխիայի արևելյան այս քաղաքում արտասահմանցի գործընկերներիս հետ խոսելու եմ դրա  մասին։

Prix Bohemia radio festival-ը Չեխիայի Հանրային ռադիոյի ամենախոշոր միջոցառումներից մեկն է։ Կազմակերպիչներն ասում են, որ նպատակը եվրոպական տարբեր երկրներում գործող հանրային հեռարձակողների դերն արժևորելն է։ Այս տարի արդեն 41-րդ անգամ անցկացվող փառատոնը մասնակցության 100-ից ավելի հայտ էր ստացել․ Օլոմոուց քաղաք հրավիրվել էին 10 ռադիոպատմությունների հեղինակները եվրոպական 7 տարբեր երկրներից։

Փառատոնին ներկայացված ռեպորտաժներիցս մեկը 2024թ մայիսին Ալավերդիում տեղի ունեցած ջրհեղեղի ու դրա հետևանքների մասին էր։ «40 օրական փոքրիկը ջրհեղեղից փրկվել ու Քարկոփ է վերադարձել․ գյուղում աղետի 1 ամիսն են ամփոփում» վերտառությամբ ռեպորտաժը պատմում է 40 օրական փոքրիկի մասին, որը կյանքի առաջին օրերին ստիպված է եղել լքել ջրատակ եղած տունը ու միայն մի ամիս հետո ավագ քույրերի հետ վերադառնալ հայրենի գյուղ։

Փառատոնի «News report»՝ «Լրատվական ռեպորտաժ» անվանակարգում ներկայացված ռեպորտաժը ժյուրիի եվրոպացի անդամները, որ փորձառու լրագրողներ կամ խմբագիրներ էին միջազգային լրատվական ծառայություններից, նախապես լսել, քննարկել ու գնահատել էին․ տպավորված էին հատկապես կենդանի նկարագրություններով ու հայկական կոլորիտով։

Փառատոնին ներկայացված երկրորդ ռեպորտաժը «Փարաջանովն իր երրորդ հայրենիքի՝ Ուկրաինայի ազգային լեգենդն է» վերտառությամբ ռեպորտաժն էր։ Այն հատկապես գրավել էր փառատոնի ուկրաինացի մասնակիցներին, որոնք լսում էին հայերեն ռադիոպատմություն իրենց սիրելի կինոռեժիսորի մասին, այն էլ ուկրաիներեն ձևավորմամբ։ Ստիպված էի երկար համոզել բանախոսներին, որ ծավալուն աշխատանքը մեկ օրվա ընթացքում ենք կատարել։

5-օրյա փառատոնն ամփոփվեց հստակ համոզմամբ․ ռադիոպատմությունը հասկանալու համար լեզուների իմացությունը պարտադիր չէ, նույնիսկ օտար լեզվով պատմվող պատմությունը հնարավոր է հասկանալ, եթե ռադիո կոչվող մոգական աշխարհի բոլոր հնարքներն օգտագործվում են․ միայն ձայնով հնարավոր է պատմել ուկրաինական պատերազմի, եվրոպայում ահագնացող ներգաղթյալների կամ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի մասին։

Հիմա դուք լսում եք հերթական ռադիոպատմությունը, որ ես պատրաստում եմ Հայաստանում՝ Երևանում՝ ավելի կոնկրետ Ռադիոտանը ու պատմում եմ Չեխիայի Օլոմոուց քաղաքում տեղի ունեցածի մասին՝ չիմանալով անգամ, թե ինչ ճակատագրի կարժանանա այս ռադիոպատմությունը։

Leave a Comment