
Ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը, Երևանում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի նախօրեի հայտարարությունները, առաջարկեց կարդալ վաշինգտոնյան հռչակագիրը:
«Կարծում եմ՝ հարցը պետք է Ադրբեջանի պաշտոնական անձանց ուղղեք, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ, որ ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը», – ասաց նա:
Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Իլհամ Ալիևը նաև շեշտել էր, թե 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ «տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»:
Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա ադրբեջանցի փորձագետը կարծում է՝ Ադրբեջանին անխոչընդոտ հասանելիություն Նախիջևանի հետ կապի համար ԱՄՆ-ն պետք է ապահովի՝ օգնելով Հայաստանին:
«Կտեսնենք՝ պրակտիկայում ինչ կնշանակի անխոչընդոտ հասանելիություն, արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե ինչ-որ մեխանիզմ՝ կողմերի միջև դա ապահովելու», – նշեց նա:
«Զանգեզուրի միջանցք» տերմինի մասին խոսելով՝ Հուսեյնովն ընդգծեց, որ դա ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, քան TRIPP-ը:
«Ի տարբերություն Հայաստանի՝ դա (միջանցք բառը-խմբ.) չունի բացասական նրբերանգ, Հայաստանում դա այլ կերպ են ընկալում»,- ասաց նա:
Ադրբեջանը փորձագետը Հայաստանում մասնակցում է Օրբելի ֆորումին: