Կասկադի հարակից տարածքի շինարարությունը մտահոգություն է առաջացրել․ մասնագետներն ահազանգում են էկոլոգիական վտանգների մասին․ «Էկոսֆերա»

Կառավարությունը հավանություն է տվել Կասկադի հարակից տարածքում «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշել կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։ Ընկերության սեփականատերը գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանն է։

Տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 11 հա է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ անավարտ հատվածում կկառուցվի 36 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր ու հույս հայտնել, որ Կասկադի շինարարությունը կավարտվի 4-5 տարվա ընթացքում։

Նախատեսված է նաև տարածքի կանաչապատում։ Կան մասնագետներ, որոնք դեմ են Կասկադի՝ քաղաքապետարանի կողմից ներկայացված նախագծին։ Մասնավորապես, ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ կխախտվի Կասկադի օրգանական, ներդաշնակ շարունակությունը, եթե իրականացվի բարձրահարկ կառույցի՝ հորիզոնական, ապակեպատ, կոմերցիոն տարածքի շինարարությունը։

Համացանցում նույնիսկ խումբ է ստեղծվել՝ «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի», որին միացել են ճարտարապետներ, զբոսավարներ, բնապահպաններ և այլ քաղաքացիներ։ Նախաձեռնության անդամ, բնապահպան Կարինե Փանոսյանը նշում է, որ քաղաքում ընթացող կառուցապատումը խաթարում է էկոլոգիական հավասարակշռությունը՝ ավելացնելով օդում փոշու աղտոտվածությունը։

«Խնդիրները շատ են, որոնք կապված են Երևանում այս քաղաքի բուռն շինարարության հետ։ Թամանյանական նախագծի կարևոր կետերից մեկը հենց այն էր, որ Երևանը պետք է լիներ քաղաք-այգի՝ բազմաթիվ այգիներով, պուրակներով, որպեսզի կանաչ գոտին մեծանար և հնարավոր լիներ զսպել այդ փոշու ամպը։ 20-րդ դարի երկրորդ կեսին հաջողվել էր հասնել այն շերտին, որ բազմաթիվ շատրվանների, այգիների, պուրակների շնորհիվ Երևանի օդը բավականին մաքուր էր։ Բայց հիմա մենք տեսնում ենք շատ ավելի աղետալի վիճակ, որովհետև այդ բնական փոշուն ավելանում են նաև մեքենաների թողած արտանետումները, Երևանում բազմաթիվ մեծ կառույցների, սպասարկման կենտրոնների արդյունաբերական փոշին և այլ նյութեր»։

Leave a Comment