Գաղտնալսումները՝ քննարկման թեմա թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շարքերում․ վարչապետը՝ դրա ավելացման մասին

Վերջին շրջանում հարուցվող քրեական գործերի հիմքում ավելի հաճախ են սկսել նկատվել հիմնավորումները և դրվագները, որոնք հղում են անում քրեական գործով անցնողների հեռախոսային զրույցներին կամ նամակագրությանը։ Սա թույլ է տալիս ընդդիմադիրներին պնդել, որ Հայաստանում համատարած գաղտնալսում է իրականացվում։

Իրավապահ համակարգն, իր հերթին, ընդունում է, որ նման պրակտիկա ոլորտում կա, բայց պարզաբանում է, թե որ դեպքում և ինչ նպատակներով են արվում այդ գաղտնալսումները։ Գաղտնալսման թույլատրելիության խնդրի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետություն-եկեղեցի լարված հարաբերությունների փուլում փաստաբան Արա Զոհրաբյանը իրավապահ համակարգին ներկայացրել է երկու հաղորդում հանցագործության մասին և մեկ դիմում ոստիկանությանը՝ իր ձևակերպմամբ՝ կանխելու ներխուժումը: Վերջինը առաջիկա կիրակի Հովհաննավանքում նախատեսված պատարագի մասին է։

Հանցագործության մասին հաղորդումներից մեկով փաստաբանը բարձրաձայնում է Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու անթույլատրելիությունը։  Զոհրաբյանը վկայակոչում է ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը, համաձայն որի՝ հանցագործություն է մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը:

Գաղտնալսումների թեման, առհասարակ, քաղաքական դաշտի առաջնային թեմաներից է անգամ քաղաքական թիվ մեկ ամբիոնում՝ ԱԺ-ում։ Պատգամավորները խնդրին անդրադարձել են ոչ միայն կոնկրետ մեկ դեպքի, այլև տարբեր իրավիճակների և նախադեպերի օրինակով։ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Վարդանյանը շեշտում էր տարբեր հարցերում, այդ թվում՝ գաղտնալսման դեպքում երկակի ստանդարտները։

«Համատարած գաղտնալսում են։ Մեր անձնական կյանքի իրավունքն ամբողջությամբ խախտված է։ Այն, որ մենք քաղաքական գործիչ ենք, հատկապես ընդդիմադիր, գիտենք, որ մեզ գաղտնալսում են։ Միայն չգիտեմ` մեր երեխաներին էլ եք արդեն գաղտնալսո՞ւմ, թե՞ չէ։ Միայն այդտեղ մի փոքր կասկած ունեմ։ Համատարած գաղտնալսումներ են։ Վերջերս հրապարակվում է մի ձայնագրություն սրբազաններից մեկի մասնակցությամբ, և գործ չի հարուցվում բուն գաղտնալսման դեպքի առիթով, այլ գործ է հարուցվում այդ գաղտնալսման ներքո ստացած ինֆորմացիայի առիթով։ Երբ Վանեցյանի հետ կապված գաղտնալսում կար, այդ գաղտնալսման բովանդակությունը քննարկման առարկա չդարձավ։ Իսկ բովանդակությունն այն էր, որ ասվում էր` դատական իշխանության ուղիղ ներգործություն կա, ասվում էր` ուզեք, չուզեք, պետք է կալանք տալ։ Այդ հարցը քննարկման առարկա չդարձավ, քննարկման առարկա դարձավ, թե ինչպե՞ս է տեղի ունեցել գաղտնալսումը»։  

Գաղտնալսումների մասին բավական բաց տեքսով խոսել է նաև Հայաստանի վարչապետը։ Հակակոռուպցիոն կոմիտեում Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ինչու պետական համակարգը սկսեց օգտագործել գաղտնալսումները։ Վարչապետի գնահատականով՝ իրավապահ համակարգի համար սովորական և դյուրին ընթացք չէ՝ աշխատել սոցիալական ցանցերի և խոսքի ազատության ներկայիս պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ սոցիալական ցանցերի միջոցով հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ, ընդհուպ՝ ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ և այլն։ Նույն սպառնալիքներն առաջանում են նաև գործով ցուցմունք տվածների դեպքում, ինչի հետևանքով ցուցմունքները հետ են վերցվում։ Այստեղ է, որ օգնության է գալիս գաղտնալսումը։

«Հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, և եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ պայքարը կձախողվի։ Հիմա հատկապես, ասենք ուղղակի ցուցմունքով որևէ մեկին հնարավո՞ր է քրեական պատասխանատվության ենթարկել։ Պարզ է, չէ՞, ինչ է լինելու։ Մեկ, երկու, երեք սոցիալական ցանցերով թիրախավորում և այլն, և այլն, գնալու են դատարաններում հրաժարվեն։ Հիմա ես ուրախ եմ նաև, որ մեր իրավապահ մարմինները այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, ինչը այսօր կա, վաղը, մյուս օրը կարող է չլինի։ Մեր քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվեն այդպիսի իրավիճակներ, որ այնպիսի ապօրինի ճնշումներ լինեն վկաների վրա և այլն, որ նրանք արդյունքում հրաժարվեն, այնուամենայնիվ, փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտի»։  

Գործադիրի ղեկավարը հաստատում է, որ գումարներ են ուղղվում անհրաժեշտ համակարգեր ստեղծելու և Հայաստանի օպերատիվ մարմինների տեխնիկական կարողություններն ընդլայնելու ուղղությամբ։

«Հիմա այդպիսի հարց է օդում կախված, թե արդյոք Հայաստանում բոլորին լսում են, բոլորին գաղտնալսում են, որովհետև ակնհայտ շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակում և այլն, և էդպես շարունակ։ Հայաստանում «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքը նորություն չէ։ Ընդ որում, ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերը։ «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքով հստակ սահմանված է` ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ր դեպքում, ի՞նչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Նորությունն այն է, որ, քանի որ մեզ համար հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր և սկզբունքային է, կառավարությունը, այո, հնարավորին չափ ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան»։

Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է նաև, որ վերջին շրջանում ձերբակալվածներին ու կալանավորվածներին բնորոշ է «քաղբանտարկյալ» ձևակերպումը։ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը վկայակոչում է ԵԽԽՎ բանաձը։

«ԵԽԽՎ 1900 բանաձևը նշում է, որ քաղբանտարկյալ են հանդիսանում այն անձինք, երբ կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես` մտքի, խղճի և կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ։ Կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով` առանց որևէ հանցանքի հետ կապելու։ Քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը և պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին։ Քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն համեմատած այլ անձանց հետ, կալանավորումը ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ։ Բա հիմա այդ քաղաքացիները եթե քաղբանտարկյալ չեն, ի՞նչ են»։

Այս գնահատումն ընդդիմությունը կիրառում է նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի դեպքում։ Վերջինիս հանդեպ 6 տարի տևող դատավարությունն ավարտվել է Համբարձումյանին մեղավոր ճանաչելով և դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Խորհրդարանական ընդդիմությունը սա համարում է պատասխան իմփիչմենթի գործընթացին և հենց Համբարձումյանին վարչապետի միասնական թեկնածու հայտարարելուն։ Այս հայտարարություններին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանում է․

«Բոլոր այն անձինք, ովքեր կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք Հանրապետական կուսակցություն կամ Դաշնակցություն և դրանից հետո ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում։ Սա ի՞նչ տրամաբանություն է։  Այդ ինչո՞ւ Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիդջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես վարչապետի թեկնածու։ Այդ տղային ո՞վ էր ճանաչում, իր մասին միակ տեղեկություն էն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց վրա հարձակվել, որ «ջիփից» դուրս էր եկել հեղափոխության ժամանակ, մարդ էր տշում, մարդ էր խփում։

Հարց եմ տալիս` ու՞մ է հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով, ուզում եմ հասկանալ` քաղաքական մեծ գիգա՞նտ էր, այնտեղ էլ իմփիչմենտի պրոցեսը եկել, հասել էր պիկի՞ն։ Ինչե՞ր եք խոսում»։

ԱԺ նախագահին իրավական մեկ այլ հարց է հետաքրքրում․ ինչպե՞ս ստացվեց, որ դատավարության ընթացքում գրավով ազատված Համբարձումյանին հաջողվել է հատել ՀՀ սահմանը և դատարանի վճռից հետո արտերկրից դիմել ՀՀ քաղաքացիներին։

Ինքը՝ Համբարձումյանը, մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ Մոսկվայում աշխատանքային գործուղման է։ Մասիսի քաղաքապետի ներկայացմամբ՝ Հայաստան վերադարձի տոմսը հոկտեմբերի 28-ին է, և որ իրավապահների հետ առնչվելուց չի խուսափում։

Leave a Comment