Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ձերբակալվել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ բուհի մի քանի աշխատակիցներ:
Բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պատասխանատու Դիանա Մարկոսյանն Aravot.am-ին հետեւյալը հայտնեց. «Այսօր առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացնում մանկավարժական համալսարանի վարչական հատվածում, մի քանի աշխատակցի հետ վկայի կարգավիճակով խոսել են, իսկ ռեկտորին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե: Այս պահին այլ տեղեկություններ չունենք»:
Նա ընդգծեց, որ բուհից ձերբակալվածներ չկան:
Մինչդեռ 24News-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: