Ինչո՞ւ ինչ-որ բան հորինեմ, եթե նա հենց այդպես էլ ասաց․ Նդոնգը մեղադրում է Սպերցյանին

«Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իրեն ռասիստական վիրավորանք է արել՝ պորտուգալերեն լեզվով: Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի «Ախմատ»-«Կրասնոզար» հանդիպման երկրորդ կեսում:

85-րդ րոպեին Նդոնգը ստացել է կարմիր քարտ՝ Սպերցյանին ուսով ծնոտին հարվածելու համար: Հանդիպման գլխավոր մրցավար Ինալ Տանաշևը «Ախմատի» ֆուտբոլիստին հեռացրել է VAR-ի միջամտությունից հետո, իսկ «Կրասնոդարի» կիսապաշտպանին ցույց տվել դեղին քարտ՝ սադրիչ գործողությունների համար:

«Խաղային դրվագ էր, խախտում չկար: Ես մոտեցա՝ օգնելու նրան բարձրանալ, ասացի՝ վեր կաց, որովհետև ոչինչ չէր եղել: Դրվագն արդեն անցել էր, նա մոտեցավ ինձ, հրեց ու ասաց՝ «Լռիր, սև կղանք»: Ես խելագար չեմ, որ անիմաստ նրան հարվածեմ: Ինչո՞ւ ինչ-որ բան հորինեմ, եթե նա հենց այդպես էլ ասաց:

Սպերցյանը դա ասաց անգլերենո՞վ: Ո՛չ, պորտուգալերեն: Ես չկարողացա զսպել ինձ, որովհետև ինձ վիրավորեցին, չէի հասկանում՝ ինչու է նա այդպես խոսում: Նա թիմի ավագն է, ինչո՞ւ պետք է ինձ նման բան ասի: Մրցավարը չլսեց: Ամբողջ խաղի ընթացքում ասում էի նրան, բայց նա չարձագանքեց: Մրցավարը դիտեց կրկնապատկերը՝ տեսնելով, թե ինչ արեց մրցակիցը, բայց չլսեց՝ ինչ է ասվել», – փոխանցում է Նդոնգի խոսքերը Матч ТВ-ն:

Հանդիպումից հետո Սպերցյանը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ հակառակը, Նդոնգն է վիրավորել իր ընտանիքը՝ իսպաներեն լեզվով: «Կրասնոդարի» ֆուտբոլիստը կարծում է, որ «Ախմատի» խաղացողը պետք է առաջինը ներողություն խնդրի իր ասածների համար:

Leave a Comment