ՀԷՑ-ը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բողոքը, որով նա խնդրել էր անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի՝ երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը երկարաձգելու որոշումը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՀԾԿՀ պաշտոնական կայքում։
Ըստ որոշման՝ հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որով պարզվել է, որ որոշումը իրավաչափ է։ Տվյալ դեպքում օրենքով նախատեսված է, որ երաշխավորված մատակարարի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են համաձայն ՀՀ Կառավարության հաստատած ծրագրի, պարզաբանել են ՀԾԿՀ-ից։
Բացի այդ՝ ծրագրում տեղ գտած դրույթների բովանդակությունից և դրանց իրագործմանն ուղղված գործողություններից հետևում է, որ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
Հուլիսի 18-ին ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ, նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
