«Կնոպկա» սեղմոցի չէ, էս դեպքում ձեռք բարձրացնոցի է. ավագանու նիստում կրքերը թեժացան

Երեւանի ավագանու նիստում այսօր «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը առաջարկեց հանել օրակարգից Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում բազմաբնակարան շենքի կառուցման գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին հարցը:

Տիգրան Ավինյանը որոշեց հարցը հանել: «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը առաջարկեց հարցը չհանել, այլ դարձնել զեկուցվող: Ըստ նրա՝ օրակարգից հարցի հանումը ուղիղ ճանապարհ է, որ հարցը ստանա դրական եզրակացություն: Բայց Ավինյանը նշեց, որ հարցն արդեն հանվել է:

Սուքիասյանը նաեւ առաջարկեց 2026-28 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւս դարձնել զեկուցվող: Սակայն ավագանու անդամների մեծամասնությունը դեմ քվեարկեց այդ առաջարկին, ինչը «Մայր Հայաստան» խմբակցության անդամների վրդովմունքը առաջացրեց: Նրանք իրենց տեղերից սկսեցին իրենց վրդովմունքը արտահայտել:

-Այդ հարցը դարձել է չզեկուցվող մոտ տասը րոպե առաջ: Եթե ծախսեր են, մարդիկ պետք է իմանան, չի կարելի ուղղակի ծածկադմփոց անել, գնա: Գայի պողոտայի բազմաբնակարանի հարցն էլ լավ կլիներ իմանայինք: Լիքը մարդ է հավաքվել, լավ կլիներ իրենց լսեինք, այդ թվում երեխաներ: Կնոպկա սեղմոցին թարգեք, քվեարկեցիք գնաց,-«Մայր Հայաստանի» դիրքորոշումը բարձրաձայնեց ավագանու անդամներից մեկը:

-Կնոպկա սեղմոցի չէ, էս դեպքում ձեռք բարձրացնոցի է, վերադարձեք ձեր տեղը,- արձագանքեց Ավինյանը:

Նշենք, որ Գայի պողոտա 45 հասցեի բնակիչներն այսօր բողոքի ցույց էին անում քաղաքապետարանի առջև՝ պահանջելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում: Բնակիչները դեմ են հենց իրենց բակում՝ խաղահրապարակի տարածքում բարձրահարկի կառուցմանը: Մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ այգու, խաղահրապարակի փոխարեն 18 հարկանի բարձրահարկի կառուցումը վրդովեցրել է բնակիչներին։ Վերջիններս ամիսներ շարունակ պայքարում են իրենց բակում կառուցապատման դեմ։ Բազմաբնակարան շենքը շուրջ 5000 քառակուսի մետր տարածքի կենտրոնական հատվածն է զբաղեցնելու՝ 2200 քմ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ մակագրելով. «Երևանի ավագանու նիստն այսօր կանցնի առաջին հարկում։ Դահլիճը նորոգում են։ Այստեղ մեկ էլ քովիդի ժամանակ էինք նիստ անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment