Հայտնի է «Նոր ալիք 2025»-ի հաղթողը


Մշակութային

Թեժ ամառը երգարվեստում ամփոփվում է Կազանում կայացած «Նոր ալիք 2025» միջազգային երաժշտական մրցույթով: Հաղթող է ճանաչվել ԱԼԵՔՍ ԼԻՄԸ Ղազախստանից։ Երգիչը ստացել է ամենաբարձր միավորները հայտնի աստղերից բաղկացած ժյուրիի կողմից։

Հատկանշական է, որ մինչեւ հաղթանակը Ալեքսն իր հարցազրույցներում նշել է, որ  որ մրցույթին մասնակցել է նախեւառաջ հաճույք ստանալու համար եւ մտադիր է շարունակել զարգացնել իր վոկալային կարիերան։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող ֆոլք-խումբը՝ «Оберег»-ը։ Երրորդ հորիզոնականը կիսել են Ջեմմին՝ կրկին ՌԴ-ից եւ Երնազերը՝  Ղազախստանից։

Ջեմմին մրցանակը ստանալուց հետո՝ խոստովանել է, որ չէր սպասում մրցանակային տեղ գրավել։ Նրա խոսքով՝ իր նպատակն էր պարզապես ուրախություն պարգեւել հանդիսատեսին։ Երգիչը նշել է, որ բաց է համագործակցությունների համար եւ պատրաստ է աշխատել հայտնի արտիստների հետ։

Իսկ Երնազերն անկեղծացել է, որ անսպասելի էր իր համար մրցանակ ստանալը, քանի որ մրցույթի սկզբում չէր գտնվում առաջատարների շարքում։ «Առաջին փուլում 12-րդ տեղում էի, երկրորդում՝ 9-րդ, իսկ երրորդ փուլում հանկարծ վեր բարձրացա առաջին տեղ։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Զգացմունքներով լի եմ։ Նույնիսկ դժվար է խոսելը։ Բոլորին երջանկություն եմ մաղթում։ Ժպտացեք, եւ բացասականը թողեք անցյալում», – ասել է նա:

Ըստ էության, Կազանից Հայաստանի պատվիրակությունը՝ վերադառնում է ձեռնունայն, բայց գլուխը բարձր` իր հետ բերելով վառ հիշողություններ միջազգային բեմից: Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սուրեն Պողոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment