«Վարեչկան» դարձել է «Բալետի կատաղած պարուհի», նոր շնչով վերադարձել ռուսական թատրոնի բեմ


Մշակութային

«Վարեչկա» մոնոներկայացումը վերանվանվել է՝ վերածվելով «Բալետի կատաղած պարուհու» եւ համալրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի մշտական խաղացանկը։ Այս որոշումն ընդունվել է ներկայացման մեծ հաջողություններից հետո՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում ունեցած ելույթներից հետո։ Ներկայացման օրերս կայացած նոր շնչով առաջնախաղն՝ իր լեփ-լեփեցուն հանդիսատեսով եւս փաստում էր այդ մասին:

«Բալետի կատաղած պարուհին»՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով եւ Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ, պատմություն է մի կնոջ մասին, որը ողջ կյանքը նվիրել է բալետին՝ զոհաբերելով ամեն ինչ հանուն արվեստի, հանուն երազանքի, որը մնում է իբրեւ ցավոտ հիշողություն։

Ներկայացման փառատոնային հաջողությունները սկսվեցին Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացած «Մոնոկլ» մոնոներկայացումների 14-րդ միջազգային փառատոնի ոչ միայն բացումը վերապահվեց հենց  «Վարեչկա»-յին, այլեւ այն արժանացավ փառատոնի գլխավոր՝ առաջին մրցանակին: Ինչպես ռեժիսոր Ելենա Վարդանյանն էր հետագայում պատմում. «Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսին զարմացնելը շատ դժվար է։ Բայց Լիլիա Մուկուչյանը 40 րոպե անընդմեջ պահեց նրանց ուշադրությունը՝ իր կերպարի խորությամբ, մարդկային անկեղծությամբ։ Նա բեմում իսկապես ապրեց Վարեչկայի ճակատագիրը, ինչն էլ այս ներկայացումը դարձրեց լուսավոր եւ անմոռանալի»։

Ելենա Վարդանյանը, որն այս մոնոներկայացումը համարում է մոնոժանրում իր ռեժիսորական դեբյուտը, նաեւ նշում էր. «Երբ Վալերի Սոլովյովը ներկայացումից հետո բեմ բարձրացավ ու համբուրեց Լիլիայի ձեռքը՝ ասելով, որ նա իր համար Ջուլիետա Մազինան է՝ կարծես ֆիլմի մեջ լինեինք։ Իսկապես, երազանքի պես էր թվում»։

Ի դեպ, նույն ներկայացմամբ Ելենա Վարդանյանը եւ Լիլյա Մուկուչյանը Կինեշմա քաղաքում մասնակցել են «Օստրովսկի ֆեստ» միջազգային փառատոնին, որտեղ Լիլյա Մուկուչյանմ արժանացել է «Լավագույն կին դերակատար» մրցանակին։

Դերասանուհին, ով իր կերպարով հմայել էր թե՛ հանդիսատեսին, թե՛ ժյուրիին, ասում էր. «Ցանկացած մրցանակ իրականում ոչինչ չի փոխում իմ կյանքում։ Այն պարզապես մեծացնում է իմ պատասխանատվությունն ու պարտավորությունը հանդեպ հանդիսատեսը»։

Այսպիսի հաղթական ճանապարհ անցնելուց հետո՝ թերեւս ներկայացման անվանափոխությունը բոլորովին պատահական չէ: Չէ որ մոնոներկայացումը հաղթահարել է բոլոր դժվարությունները, ստացել մրցանակներ ու ժամանակն է հնչեցնել բալետի պարուհու ցասումը՝ կանանց ճակատագրի, ընտրության, զոհաբերության եւ սիրո մասին։

Ի դեպ, հիշեցնենք, որ բեմադրության հիմքում Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելն է, որն էլ ավելի վառ ու հնչեղ է դարձել Ելենա Վարդանյանի ռեժիսորական խիզախության եւ Լիլյա Մուկուչյանի խաղի խորության շնորհիվ: Ներկայացումը վերածնվել է որպես զգացմունքների հեղեղ՝ ի ցույց դնելու, թե ինչպես է արվեստը հաճախ վերածվում կյանքի դառը ընտրություններից բխող մաքրագործման։ Այո՛, սա այն բացառիկ դեպքերից է, երբ մոնոներկայացումը ապրում է երկար, մնում է հիշողության մեջ եւ վերածվում է թատերական մշակույթի կարեւոր վկայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment