Լսել ենք, թե Նոան մեզնից տասն անգամ ուժեղ է, բայց ես համաձայն չեմ․ Իվանովիչ

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի հարձակվող Իգոր Իվանովիչը կիսվել է իր սպասումներով։

«Մենք մեկնում ենք լավ պատրաստված և առանց վնասվածքներ ունեցող խաղացողների, ինչը կարևոր առավելություն է: Վերջին օրերին լսել ենք կարծիքներ, թե «Նոան» մեզանից տասն անգամ ուժեղ է, բայց ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ: Մենք մանրակրկիտ վերլուծել ենք նրանց խաղը. ճիշտ է, նրանք ավելի որակյալ կազմ ունեն, բայց դա չի նշանակում, որ անպարտելի են:

Մենք ևս ունենք մեր ուժեղ կողմերը և մեկնում ենք Երևան՝ ոչ թե հանձնվելու, այլ պայքարելու մտադրությամբ: Մեր մարզումներն ու պատրաստությունն այդ նպատակն են հետապնդում։

Նրանց հարձակումը շատ հզոր է, հատկապես, երբ 5-6 խաղացող միաժամանակ ներգրավվում է գրոհներում: Սակայն դա կարող է բացեր ստեղծել նրանց պաշտպանությունում: Եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի, մենք պատրաստ ենք օգտվել դրանից: Մենք ունենք մեր ռազմավարությունը և հույս ունենք, որ այդ բացերը կօգնեն մեզ սպառնալ «Նոային»։

Ամեն ինչ կախված է մեզանից: Մենք պետք է լինենք կոշտ, ագրեսիվ և համախմբված: Խոսում ենք միմյանց հետ և հասկանում, որ խաղադաշտում պետք է աննահանջ պայքար մղենք՝ տուն դրական արդյունք բերելու համար։

Եթե Հայաստանից լավ արդյունք բերենք, վստահ եմ՝ մեր մարզադաշտը լեփ-լեցուն կլինի: Երկրպագուները կգան՝ պարգևատրելու մեզ մեր պայքարի և էներգիայի համար: Նրանց աջակցությունը մեզ լրացուցիչ ուժ և մոտիվացիա կտա՝ վերջապես հաղթահարելու Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Դա մեր ընդհանուր երազանքն է, և հենց այդ պատճառով առաջին խաղն այդքան կարևոր է»,- Իվանովիչի խոսքն է մեջբերում «Բուդուչնոստի» պաշտոնական կայքը։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։

Leave a Comment