Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան նշաններ, որ Թեհրանը պլանավորում է միջուկային զենք ստեղծել։
Գրոսսին ասել է, որ ԱԷՄԳ-ն «միշտ շատ ազնիվ է եղել Իրանի միջուկային ծրագրի իր գնահատականներում»։
Նա նշել է, որ գործակալության տեսուչները «ուրանի մասնիկներ էին հայտնաբերում Իրանի որոշ վայրերում, որոնք, սովորաբար, հայտարարագրված վայրեր չէին»։