
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը բավարարեց, Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին։
Կարապետյանի փաստաբանը, լրագրողներին տեղեկացնելով այս որոշման մասին, փոխանցեց նաև Սամվել Կարապետյանի ուղերձը։ Կարապետյանը ուղերձում, շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին և զորակցողներին, ընդգծում է՝ մնալու է ժողովրդի, Հայ Առաքելական Եկեղեցու կողքին, իսկ պայքարը՝ հանուն արդարության, շարունակվելու է․
«Հարգելի հայրենակիցներ,
խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։
Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների։
Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։
Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։
Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։
Առաջ Աստված։
Շնորհակալություն աջակցելու համար»։