Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման առումով հայ մասնագետները կարևոր նորություն են խոստանում

Հայաստանում մի քանի տասնյակ մարդ ներկայում ունի աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման կարիք։ Հայ մասնագետներն այս առումով կարևոր նորություն ունեն․ աչքերին բառի ուղիղ իմաստով լույս վերադարձնող վիրահատական այս միջամտությունը շուտով ավելի հասանելի կդառնա։ Աշխարհում ամեն տարի եղջերաթաղանթի ավելի քան 100,000  փոխպատվաստում է արվում։ Հայաստանում  այս վիրահատությունները կատարվում են արդեն մի քանի տասնամյակ, բայց՝ այլ երկրներից ներմուծված եղջերաթաղանթով։

Հայաստանում արդեն հնարավոր կլինի փրկել մարդկանց տեսողությունը՝ շնորհիվ հենց այստեղ վերցված դոնորական եղջերաթաղանթի։ Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման միջամտություններ Հայաստանում արդեն բազմիցս արվել են, նորությունն այն է, որ փոխպատվաստումը կարվի արդեն ոչ թե արտերկրից ներմուծված հյուսվածքով, այլ հենց Հայաստանի դիահերձարաններում վերցված նյութով։ Սա, մասնագիտական լեզվով ասած, եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստման առաջին քայլն է։ Ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ հայաստանյան առողջապահական համակարգն արդեն պատրաստ է դրա իրագործմանը՝ առկա են անհրաժեշտ սարքավորումները, բարձր որակավորմամբ մասնագետները և այսպես կոչված «աչքի բանկը»՝ հյուսվածքների պահման անհրաժեշտ պայմաններով։

Առողջապահության նախարարի ակնաբուժության գծով խորհրդատու Արտաշես Զիլֆյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է այս բարդ միջամտության մանրամասները, բացատրում, որ աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը հնարավոր է միայն դիակային դոնորից։

«Ամեն տարի Հայաստանում իրականացվում է մոտ 150 փոխպատվաստում, և եղջերաթաղանթները ներմուծվում են հիմնականում ԱՄՆ-ից և ՌԴ-ից։ Վիրահատությունն արժե  200–250 դոլարին համարժեք դրամ, սակայն թաղանթների արժեքը՝ կախված դոնորի տարիքից, կարող է լինել 2000–4000 դոլար»։

Մասնագետը բացատրում է, որ եղջերաթաղանթի փոխպատվաստման ցուցումը կարող է լինել պլանային, բայց և՝ անհետաձգելի, ինչպես, օրինակ, 44-օրյա պատերազմում ստացված վնասվածքների դեպքում էր։ Ադրբեջանի  կիրառած ֆոսֆորային ռումբերի հետևանքով ստացված վնասվածքներ ունեցողները շատ էին՝ ասում է մասնագետը։

«Վնասվածքներ ստացած զինվորները չէին կարող սպասել, իրենց դեպքում վիրահատությունն անհապաղ պետք է արվեր, բայց զինվորներից շատերին տեղում օգնել չկարողացանք, քանի որ աչքի եղջերաթաղանթներ չկային։ Ուստի կա՛մ տարբեր հիմնադրամների օգնությամբ, կա՛մ սեփական միջոցներով շատերը մեկնեցին Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ` վիրահատվելու»։

Այս տարվա հունվարից «Արաբկիր» բժշկական կենտրոնում մեկնարկել է պիլոտային ծրագիր։ Նպատակը մեկն է՝ ոչ միայն փրկել մարդկանց տեսողությունը, այլև փոքր-ինչ փոխել հանրության ընկալումները մարդու մահվանից հետո նրա օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ։ 

Առողջապահության նախարարի ակնաբուժության գծով խորհրդատու Արտաշես Զիլֆյան․

«Մահացածի հարազատները հաճախ վախենում են, որ փոխպատվաստումից հետո կփոխվի հանգուցյալի արտաքին տեսքը, բայց արտաքին տեսանելի փոփոխություն չի լինում։ Տարբեր երկրներում աչքի եղջերաթաղանթի համար հեռացվում է ամբողջ աչքը, հետո արդեն կլինիկայում առանձնացվում է եղջերաթաղանթը, սակայն մեզ մոտ հենց եղջերաթաղանթն է առանձնացվելու»։

Եղջերաթաղանթը վերցվում է մահը գրանցվելուց 12–24 ժամվա ընթացքում։ Ավելի ուշ այն դադարում է փոխպատվաստման համար պիտանի լինելուց։ Այս դեպքում պարտադիր է մերձավոր հարազատների համաձայնությունը, սակայն նաև  անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք տվյալ եղջերաթաղանթը պիտանի՞ է։ Դրա համար նախ պետք է վերցվի արյան նմուշ,  բացառվեն մի շարք վարակների՝ հեպատիտ B-ի, C-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, տուբերկուլոզի առկայությունը։  Միայն այդ դեպքում է հնարավոր շարունակել գործընթացը։

Այսօր Հայաստանում ավելի քան 50 մարդ սպասում է եղջերաթաղանթի փոխպատվաստման։ Սակայն աչքին բառի ուղիղ իմաստով լույս վերադարձնող այս միջամտությունը շատերի գրպանին հասանելի չէ, բացի այդ՝ հանրությունը դեռ հոգեբանորեն պատրաստ չէ դրան, թեև առհասարակ մահացած անձանցից օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստումը կենսական կարևորություն ունի։ Աչքի եղջերաթաղանթի  մեկ դոնորը կարող է  մինչև ութ մարդու օգնել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան․

«Սա շատ զգայուն թեմա է։ Բայց հենց հասարակության իրազեկվածությունից է կախված, թե արդյոք այս ծրագիրը կտարածվի՞։ Մենք պետք է խոսենք դրա մասին՝ հստակ, պարզ և մարդու կյանքը արժևորելով», —ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում օրենքը հստակ կարգավորումներ է տվել՝ օրգանների վաճառքը  արգելված է։ Ուստի դիակային դոնորությունը կատարվում է բացառապես անվճար՝  համաձայն 2002 թվականին ընդունված «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի։

Leave a Comment