Սարդարապատի հերոսամարտի հրամանատարները․ Քրիստափոր Արարատյան – Live News

107 տարի առաջ՝ 1918-ին այս օրը վերականգնվեց ինը դար առաջ կորցրած հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ փրկելով Արևելյան Հայաստանի մի մասը ոչնչացումից։ Այդ օրերի գլխավոր հերոսները մեր հրամանատարներն էին, որոնց գրագետ և անձնուրաց գործողությունների շնորհիվ էլ անհնարին թվացող հաղթանակը իրականացավ։

Քրիստափոր (Խաչատուր) Արարատյան

Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ. հունիսի 18-ին Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական Գերասիմ (Կարապետ) Ավետիքի Արարատովի ընտանիքում։ Արարատյանների ընտանեկան զինանշանին գրված է եղել «Հայրենիք ու պատիվ»։

Նրա մասին Հայկ Բժշկյանցն ասել է․ «Հրետանու նախկին գեներալ Քրիստափոր Գերասիմի Արարատյանը՝ անկախ, սրամիտ, նկարային գեղեցկությամբ, հաջողակ, սեփական գինը իմացող, հայտնի է ոչ միայն բանակում, այլեւ ողջ Հայաստանի տարածքում: Նա, իհարկե, ունի բազմաթիվ նախանձողներ ու չարակամներ, մանավանդ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ աշխատավորական-գյուղական ծագումը բարձր պաշտոններ ստանալու նախապայման է…»:

Սարդարապատի հերոսամարտի օրերին Քրիստափոր Արարատյանը հրետանու հրամանատար էր: Նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի էր վերցրել մի ամբողջ վաշտ՝ կազմված թուրք եւ գերմանացի զինվորներից: Նժույգով մոտենալով գերեվարված վաշտին՝ լսում է վաշտի հրամանատարի զեկույցը և հրամայում շրջվել, անողոք կրակ տեղալ թուրքերի ուղղությամբ: Հարձակումից ահաբեկված թուրքական  9-րդ հրետանային բրիգադի հրամանատարը վերադաս զինվորականությանը դառնությամբ գրել էր. «Ձերդ գերազանցություն, պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնելու հետեւյալի մասին. Բաշ Ապարանում երկու օր առաջ սկսած հարձակումն ի սկզբանե հաջող չէր, քանի որ գյավուրները զգալի ուժեր էին հավաքել այնտեղ: Ավելին՝ հայերն ունեին լեռնային հրետանու փայլուն ուժեր, ես չգիտեմ՝ ով է հրամանատարը, բայց նրանք կրակում էին առանց վրիպումի: Նա՝ Ալլահի կողմից անիծվածը, վերցրեց մեր հրետանին ու մի շարք ծանր տեխնիկա, ինչպես նաեւ լուրջ վնաս հասցրեց մեր հետևազորին…»:

Հայկական հրաձգային դիվիզիայի լուսանկարներից


Արարատը սպասում է Արարատյանին…

Բոլշևիկյան հեղաշրջումից հետո նա Հայաստանում էր: Այդ օրերին է վերաբերում գնդապետի հայտնի խոսքը, որ ասել է իր համհարզ Ա. Ղորղանյանին. «Ծառայեցինք սպիտակ արքային: Ժամանակն է նաև մեր՝ Հայոց թագավորն ունենալ: Արարատը սպասում է Արարատյանին…»:

1923-1925 թվականներին նա եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա ղեկավարել է ԵՊՀ և ՀԳԻ ռազմագիտական ամբիոնները։

Քրիստափոր Արարատյանը իմանալով իր հրամանատար Մովսես Սիլիկյանի չորրորդ ձերբակալության մասին, հաջորդ օրը՝ 1937 թ․ օգոստոսի 9-ի առավոտյան իր ռազմական ուսապարկում մի քանի հիմնական իրեր վերցնելով գալիս է Ներքին գործերի կոմիսարիատի շենք՝ խնդրելով իրեն ևս ձերբակալել իր հրամանատարի հետ։ Ներքին գործերի կոմիսար Խաչիկ Մուղդուսին փոխանցում է Արարատյանին, որ վերադառնա տուն, շատ սպասելու կարիք չի լինի։ Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան Արարատյանին ձերբակալում են։ Երեք ամիս բանտարկությունից հետո՝ դեկտեմբերի 10-ին առավոտյան 5-ին Քրիստափոր Արարատյանին, գեներալներ Դմիտրի Միրիմանովին ու Մովսես Սիլիկյանին, որն այդ ժամանակ հիվանդության ու ծերության պատճառով ինքնուրույն քայլել չէր կարողանում, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Օհանեսյանին, Հակոբ Մկրտչյանին ու Հարություն Հակոբյանին տեղափոխում են Նորքի ձոր (ներկայիս Կենդանաբանական այգու տարածք) ու գնդակահարում։
Հետմահու Արարատյանին արդարացնում են։

Leave a Comment