Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում

Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների, այդ թվում՝ թմրավաճառների և արմատական իսլամիստների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում: Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ բանտը կգտնվի Ֆրանսիական Գվիանայում՝ ջունգլիների խորքում, ճանապարհներից հեռու, և առաջին բանտարկյալներին կընդունի 2028-ին: Ծրագրի արժեքը գնահատվում է 400 մլն եվրո: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Իմ ռազմավարությունը պարզ է՝ գրոհել կազմակերպված հանցավորությունը բոլոր մակարդակներում», – ասել է Դարմանինը, բացատրելով, թե ինչու է բանտը կառուցվելու Ֆրանսիական Գվիանայում: Այդտեղ, ըստ նրա, սկսվում է երթուղին, որով թմրանյութերը հասցվում են Ֆրանսիա։ Բանտը, որը նախատեսված է լինելու 500 բանտարկյալի համար, դրա «միակ նպատակն է լինելու մեկուսացնել ամենավտանգավոր թմրավաճառներին»:

Բանտային ռեժիմը ներառում է կանոնավոր խուզարկություններ, մշտական ​​էլեկտրոնային հսկողություն և գրեթե ոչ մի զբոսանք և տեսակցություն: Ֆրանսիական Գվիանան՝ Ֆրանսիայի անդրծովյա դեպարտամենտը, հայտնի է հանցավորության բարձր մակարդակով։ 2023 թվականին այնտեղ գրանցվել է սպանությունների ռեկորդային ցուցանիշ՝ 20,6 100,000 բնակչի հաշվով։

Leave a Comment