
Հունաստանը դատական հայց է ներկայացրել հնությունների պաշտպանության մասին օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ՝ Ակրոպոլիսի մոտակայքում Adidas սպորտային խանութների՝ անօդաչու սարքերով գովազդային ցուցադրության վերաբերյալ, ուրբաթ հայտարարել է երկրի մշակույթի նախարարը, հաղորդում է Reuters-ը։
Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են լուսավորված անօդաչու թռչող սարքեր, որոնք ձևավորում են լոգոն և Adidas կոշիկներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ակրոպոլիսի բլրի ֆոնին։
Ակրոպոլիսում, Աթենքի վերևում հառնող ժայռոտ բլրին է Պարթենոնի տաճարը՝ Աթենքի Ոսկեդարի խորհրդանիշը, որը կառուցվել է մ.թ.ա. 432 թվականին՝ Աթենաս աստվածուհու պատվին և աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ուրբաթ տված հարցազրույցում հայտարարել է, որ ցուցադրությունն օգտագործել է Ակրոպոլիսն առևտրային նպատակներով՝ խախտելով ազգային օրենսդրությունը և իրականացվել է առանց մշակույթի նախարարության նախնական թույլտվության։
«Դա նույնն է թե Adidas-ի կոշիկով հարվածես Ակրոպոլիսին,- ասել է Մենդոնին տեղական Skai ռադիոկայանին։- Բոլոր մեղավորների դեմ դատական հայց արդեն ներկայացվել է»։
Adidas-ը հայտարարել է, թե ստացվել և կատարվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։
«Adidas-ն Ակրոպոլիսի հուշարձանի որևէ պատկեր չի օգտագործել գովազդի կամ այլ նպատակներով»,- ասվում է ընկերության էլեկտրոնային հաղորդագրության մեջ։
Հունաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ նաև հետաքննում է, թե արդյոք անօդաչու թռչող սարքերի թռիչքների արտոնագրման ընթացակարգերը պահպանվել են։