Բազմաբնակարան շենքերի բակերում բնակիչների մի խումբ հաճախ ինքնուրույն արգելափակոց է տեղադրում՝ բանալին կամ հեռակառավարման վահանակը բաժանելով միայն իրենց միջև։ Օրենքով, սակայն, նման որոշում կարող են ընդունել ոչ թե առանձին բնակիչներ, այլ միայն սեփականատերերի ժողովը, իսկ համայնքին պատկանող տարածքում՝ տեղական ինքնակառավարման մարմինը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով, Կառավարության N 1855-Ն որոշմամբ և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։
Նախ պետք է պարզել՝ ո՞ւմ է պատկանում տարածքը
Պատասխանն ուղղակի կախված է դրանից։
Կառավարության որոշմամբ բնակիչներին անհատույց փոխանցվում է շենքի տակի հողատարածքը և դրա շուրջ մինչև 1,5 մետր լայնությամբ հողաշերտը, եթե այն ճանապարհ կամ փողոց չէ։ Հարևան շենքերի միջև 3 մետրից պակաս տարածքը բաժանվում է հավասար մասերի։
Բակի մնացած մասը, ներառյալ կայանատեղիները և մուտքի ճանապարհը, որպես կանոն մնում է համայնքի սեփականություն։
Եթե տարածքը համայնքինն է
Երևանում ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ուղեփակոցների և արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները և սահմանափակումները սահմանում է ավագանին։
Նույն մարմինն է սահմանում նաև այն դեպքերը, երբ թույլատրվում է համայնքային հողամասերի տիրապետումն առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման։
Այսինքն՝ բնակիչների խումբը, որն ինքնուրույն արգելափակոց է տեղադրել համայնքային տարածքում, գործել է առանց իրավական հիմքի։
Իսկ քաղաքապետը համայնքի վարչական սահմաններում կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները, ինչպես նաև ընդունում է համայնքային հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին որոշում։
Եթե տարածքը բնակիչներինն է
Այդ դեպքում որոշումն ընդունում է սեփականատերերի ժողովը, որը սահմանում է ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու և այն օգտագործելու կարգը։
Ժողովն իրավազոր է, եթե ներկա են սեփականատերերի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են ներկաների ձայների կեսից ավելիով, իսկ ընդունված որոշումը պարտադիր է բոլոր սեփականատերերի համար՝ ներառյալ դեմ քվեարկածների և ժողովին չմասնակցածների։
Ժողով հրավիրելու իրավունք ունի յուրաքանչյուր սեփականատեր։
Կարո՞ղ են զրկել ձեզ մուտքից
Ոչ։ Օրենքով յուրաքանչյուր սեփականատեր իրավունք ունի օգտվել ընդհանուր բաժնային սեփականությունից, իսկ ժողովի որոշումը չի կարող այդ իրավունքից զրկել առանձին սեփականատերերի։
Ավելին, սեփականատերն իրավունք չունի պահանջել, որ իրեն հատկացվի ընդհանուր գույքից իր բաժնին համաչափ կոնկրետ մաս։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող ո՛չ իր համար մշտական տեղ ամրագրել, ո՛չ էլ մյուսներին դուրս թողնել։
Ուստի իրավիճակը, երբ բանալին կամ վահանակը տրվում է միայն մի խմբի, հակասում է օրենքին՝ անկախ նրանից՝ ով է տեղադրել արգելափակոցը։
Ի՞նչ անել
Եթե տարածքը համայնքինն է – դիմել համայնքապետարան՝ ապօրինի հողօգտագործումը վերացնելու պահանջով։
Եթե տարածքը բնակիչներինն է – նախաձեռնել սեփականատերերի ժողով և հարցը դնել քննարկման։ Եթե ժողովն ընդունում է օգտագործման կարգ, այն պարտադիր է դառնում բոլորի համար։
Երկու դեպքում էլ իրավունքի խախտման դեպքում սեփականատերը կարող է դիմել դատարան։
Առանձին գործիք կա կառավարման մարմնի դեմ. եթե այն ընդհանուր գույքը տնօրինել է առանց իրազեկման, խոշոր գործարքը՝ տարեկան բյուջեի 20 տոկոսը գերազանցողը, կարող է անվավեր ճանաչվել սեփականատիրոջ հայցով։
Ի՞նչ իրավունք ունեք ձեր սեփական տարածքում
Քաղաքացիական օրենսգրքով ոչ ոք իրավունք չունի առանց օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործել հողամաս կամ այնտեղ տեղադրել որևէ շարժական գույք։ Ներխուժում է համարվում նաև այն դեպքը, երբ անձը չի կատարում տեղադրած գույքը հեռացնելու պահանջը։
Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնել ապօրինի տեղադրված ուրիշի շարժական գույքը, իսկ այդ գործողություններով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ։
Սակայն համայնքային հողամասերի դեպքում ներխուժում առկա չէ այնքան ժամանակ, քանի դեռ իրավասու մարմինը չի ներկայացրել հողամասն ազատելու պահանջ։
Ամփոփում
Ամփոփելով՝ բնակիչների խումբն իրավունք չունի ինքնուրույն արգելափակոց տեղադրել և բանալին բաժանել ընտրովի, համայնքային տարածքում արգելափակոցների տեղադրման կարգը սահմանում է ավագանին, իսկ ապօրինի հողօգտագործումը վերացնում է քաղաքապետը, բնակիչներին պատկանող տարածքում որոշումն ընդունում է սեփականատերերի ժողովը՝ ներկաների ձայների կեսից ավելիով, և այն պարտադիր է բոլորի համար, սեփականատերը չի կարող զրկվել ընդհանուր գույքից օգտվելու իրավունքից, իսկ ապօրինի տեղադրված շարժական գույքը օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնել, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Ընդհանուր տարածքների և հողամասերի օգտագործման հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Ծանուցում 2. սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։