Բնակարանի խուզարկությունը քրեական վարույթի շրջանակներում իրականացվող առավել ինտենսիվ քննչական գործողություններից է, քանի որ այն անմիջականորեն առնչվում է անձի բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքին, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությանը, ինչպես նաև սեփականության իրավունքին։ Հենց այդ պատճառով օրենսդրությունը խուզարկության իրականացման համար սահմանում է խիստ ընթացակարգային պահանջներ՝ նախատեսելով դատարանի վերահսկողություն, բացառիկ դեպքերում՝ անհետաձգելիության հիմքով իրականացվող գործողությունների առանձնահատկություններ, ինչպես նաև իրավաչափության երաշխիքներ։
Գործնականում, սակայն, բնակարանների խուզարկությունների ընթացքում հաճախ ծագում են իրավական բազմաթիվ հարցեր՝ կապված դատարանի թույլտվության անհրաժեշտության, խուզարկության իրականացման կարգի, փաստաբանի մասնակցության, առգրավվող առարկաների շրջանակի, ինչպես նաև այն դեպքերի հետ, երբ քաղաքացիները պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են։ Այդպիսի իրավիճակներում առանձնահատուկ նշանակություն է ստանում ոչ միայն իրավապահ մարմինների կողմից օրենքի պահանջների պահպանումը, այլև քաղաքացիների իրազեկվածությունը սեփական իրավունքների և պաշտպանության իրավական մեխանիզմների վերաբերյալ։
Թեմայի վերաբերյալ օրենսդրական առանձնահատկությունները Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։