
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մի շարք այլ կուսակցականների նման, այսօր արդեն չէր կասկածում, որ եթե իրենց նախաձեռնած նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, առաջին իսկ փորձից կընդունվի:
«Ես վարչապետի նման էդքան վատատես չեմ՝ էդ հարցի շրջանակներում, և կարծում եմ, որ և՛ վարչապետին, և՛ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաև մեր հանրությանը հասցնել, բացատրել և հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության և դրա ընդունման վերաբերյալ», – լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Օրենքով նույնաբովանդակ հարցերն ու նախագծերը տարվա մեջ մեկ անգամից ավելի չեն կարող դրվել հանրաքվեի: Վարչապետ Փաշինյանը երեկ ասում էր՝ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանեն. – «Նորից կանենք հանրաքվե, նորից կանենք հանրաքվե, մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք»:
Չհաջողելու դեպքում քանի՞ անգամ է «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում սահմանադրական հանրաքվե անել:
Իշխող կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը այսօր արդեն պնդում էր՝ «չանցնելու հարց չենք քննարկել»: «Ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան Ա-ով, «եթե»-ներ չունենանք մեր մտքում»:
Չնայած խորհրդարանական ընտրություններն ու հանրաքվեն միանգամայն տարբեր գործընթացներ են ու երկու տարբեր քվեարկություն են ենթադրում, բայց իշխանությունը չի թաքցնում՝ առաջիկա ընտրություններում ևս թեման թեժ են պահելու:
Ադրբեջանական թելադրանք. Սահմանադրություն փոխելու՝ իշխանության նախաձեռնությունն ընդդիմությունն այսպես է գնահատում:
«Հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է ոչ թե հայ հանրությանը, այլ Բաքվին, որ ինքը ամեն գնով հասնելու է Ադրբեջանի կողմից ներկայացված դրույթների կատարմանը: Կարծում եմ, որ շատ պարզ է», – հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այս պահի միակ նախապայման Բաքուն հենց Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունն է դնում, որի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջ են համարում:
Հայաստանի Սահմանադրական դատարանն այդպես չի գտնում, դեռ երկու տարի առաջ քննեց ու որոշեց, որ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում: Բայց Փաշինյանը կարծում է՝ հռչակագիրը տեքստում պահելը նոր պատերազմի դուռ է բացում: