Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման, 8 տարի տևող դատական գործընթացն ավարտվել է

HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակումից 8 տարի անց դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

8 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանությունը հայտնել էր  HSBC բանկի վրա տեղի ունեցած հարձակման մասին։

Անհայտ անձը ներխուժել էր բանկի տարածք: Կրակոցի հետևանքով զոհվել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել:

Ավելի ուշ հայտնի  դարձավ, որ հարձակումն իրականացրած անձը Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է, նրան մեղադրանք առաջադրվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ  կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրական եզրակացությունը

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242,355,000 ՀՀ դրամին համարժեք 500,000 ԱՄՆ դոլար գումար: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը պլանավորել է հանցագործության կատարումը, որից հետո 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված գործարանային արտադրության 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված և իրեն պատկանող իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի «6030726» և «3034235» գործարանային համարներով 12 տրամաչափի ողորկափող մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող «УЗРГМ-2» տեսակի գործարանային արտադրության պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել մասնաճյուղ, որտեղ կարաբինից մեկ անգամ կրակոց արձակելով օդում՝ առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242,355,000 ՀՀ դրամին համարժեք 500,000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը, իր հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, դիմադրությունը հաղթահարելով հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված, իր մոտ գտնվող կարաբինից մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նրան: Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը, Դանիել Դանիելյանը մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները: Արամ Մկրտչյանը զենքի սպառնալիքի ներքո Դանիել Դանիելյանին ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Արամ Մկրտչյանից կրկին պահանջել է իրեն հանձնել գումարները, սակայն, մետաղյա պահարանի գաղտնաբառը չստանալով, նույն շարժառիթներով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Վերջինիս ակտիվ դիմադրության՝ կրակելու պահին զենքի փողը դեպի ներքև հրելու արդյունքում կրակոցը կատարվել է հատակին, կարաբինը նույնպես ընկել է հատակին, որից անմիջապես հետո, Դանիել Դանիելյանը, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին և նրան պատճառել մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Արամ Մկրտչյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս: Դանիել Դանիելյանին չի հաջողվել հանցագործությունը՝ Արամ Մկրտչյանի սպանությունն ավարտին հասցնել, միայն այն բանի շնորհիվ, որ վերջինիս հաջողվել է թաքնվել հարևանությամբ գտնվող պատի հետևում, բացի այդ, այդ պահին դրամարկղային բաժին եկած մասնաճյուղի գործառությունների համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Դանիել Դանիելյանը կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով՝ զենքով և նռնակով սպառնալով, պահանջել է իրեն տրամադրել 500,000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով 79.200.000 ՀՀ դրամը, 53,318,100 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլարը, 23,066,637 ՀՀ դրամ 3 լումային համարժեք 39.690 եվրոն, 1,853,136 ՀՀ դրամին համարժեք 242.240 ՌԴ ռուբլին, 5,224,952 ՀՀ դրամին համարժեք 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1,126,400 ՀՀ դրամին համարժեք 2.980 կանադական դոլարը, 73066 ՀՀ դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92,379 ՀՀ դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը և դրանք նախ լցրել է Դանիել Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարակի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ: Դանիել Դանիելյանը վերցնելով գումարով լցված պէլիէթիլենային տոպրակը, դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոցի ուղղությամբ:

Գործը դատարանում

Գործով վարույթը ընդումվել է 2018 թվականի սեպտեմբերի 19-ին։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին դատարանը նախագահությամբ Ա․ Գաբրիելյանի, վճռել է Դանիել Դանիելյանին ճանաչել մեղավոր և դատապարտել ցմահ ազատազրկման, պատժի կրման սկիզբը համարելով 2018 թվականի մայիսի 3-ը։

2025 թվականի նոյեմբերի 19-ին Դանիելյանը դիմել է Վերաքննիչ դատարան և պահանջել բեկանել դատավճիռը, փոփոխել , հանցագործությունների համակցությմաբ Դանիել Դանիելյանի նկատմամբ նշանակել ցմահ ազատազրկման հետ չկապված, ազատազրկման ձևով ողջամիտ ցանկացած վերջնական պատիժ կամ քրեական գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ

2026 թվականի հունվարի 29-ին Դանիելյանի կեղմից բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանը մարտի 6-ին  որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Դանիել Վազգենի Դանիելյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Leave a Comment