
Օրերս հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու որոշման մասին։ Այս խիստ տարօրինակ որոշումը Հայաստանի ակադեմիական համայնքում առաջացրել է շփոթմունք ու տարակուսանք։ Որոշումը կամայական է՝ անտեսելով և ոտնահարելով ՀՑԹԻ աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել դրան։ Ավելին՝ դրան կտրուկ դեմ են եղել Հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամները։ Որպես բողոքի նշան՝ խորհուրդը լքել է նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Գևորգյանը, որին հետևել են նաև խորհրդի անդամներ Հարություն Մարությանը, Հրանուշ Խառատյանը և Ստեփան Աստուրյանը։
Երիտասարդ ու նպատակասլաց գիտնական Էդիտա Գզոյանն ընդամենը երկու տարի առաջ էր ընտրվել այդ պաշտոնում։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների դոկտորի, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսի աստիճաններով, արևմտյան հեղինակավոր համալսարաններում բազմաթիվ մասնագիտական դասընթացների շրջանավարտ նոր տնօրենը երկու տարում նկատելի բարեփոխումներ էր կատարել թանգարանի գիտական և վարչական կառավարման ոլորտում։
Գիտական նվաճումները հեղափոխական էին։ Ոչ միայն մեկ գիտաշխատողին բաժին ընկնող արտադրանքի, այլև դրա որակի առումով ՀՑԹԻ-ն դարձավ անհասանելի։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գիտական հիմնարկը համակարգային կերպով սկսեց տալ արևմտյան էլիտար ստանդարտներին համապատասխան արդյունք։
Ավելին՝ մոտ մեկ տարի առաջ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը հպարտորեն ազդարարեց Հայաստանից պատմագիտական/հասարակագիտական առաջին հանդեսի՝ թանգարանի հրապարակած International Journal of Armenian Genocide Studies-ի՝ Scopus շտեմարանում ընդգրկվելու մասին։ Աննախադեպ նվաճումները շատ էին՝ Ցեղասպանության բազմաթիվ ասպեկտների ուսումնասիրություն, Արցախի հարցի հետազոտություն, թանգարանագիտության պրոֆեսիոնալացում և այլն։ Առանց չափազանցության՝ արևմտյան շատ համալսարանների պատմության դեպարտամենտներ չեն կարող անգամ երազել նման արդյունավետության մասին։
Այս ամենը չէր լինի առանց կառավարչական բացառիկ ունակությունների։ Ռազմավարական պլանավորումն ու պրոակտիվ ղեկավարումն ուղեկցվում էին թանգարանում ակադեմիական ազատությունն ու քաղաքական բազմակարծությունը հարգելու մթնոլորտով։ Պաշտոնական պատվիրակությունների բարձր մակարդակով դիմավորումից մինչև մարզերի դպրոցականների հետ աշխատանք կատարվում էր սիրով և նվիրվածությամբ։ Դժվար չէր նկատել թիմային աշխատանքը, որտեղ բոլորը սիրված և գնահատված էին իրենց ունակություններին համապատասխան։
Այս ամենը թվելուց հետո մի պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հեռացվեց տնօրենը։ Առողջ բանականությունը փորձում է առողջ պատասխաններ գտնել, սակայն՝ ապարդյուն։ Մեդիայում շրջանառվող վարկածները սարսափելի են, սակայն էլ ավելի սարսափելի է, որ դրանք բոլորովին էլ նման չեն չհիմնավորված ասեկոսեների։
Դրանց համաձայն, հեռացումը կապված է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի հետ։ Հուշահամալիրը ներկայացնելիս՝ տնօրենը համարձակվել էր խոսել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ կոտորածների ու բռնությունների մասին, ներկայացրել դրանք ոգեկոչող խաչքարերը, ապա նաև Վենսին փոխանցել այդ ամենի մասին պատմող գիրքը։ Գզոյանի այս քայլը ենթադրաբար չի ներվել Հայաստանի կառավարչի և ԿԳՄՍ նախարարի կողմից։ Գզոյանը տևական ժամանակ գիտական հետաքրքրություն ունի Արցախի հարցի նկատմամբ և շարունակաբար բարձրակարգ հոդվածներ է հրապարակում միջազգային առաջատար պարբերականներում։ Ադրբեջանում հայերի կոտորածների մասին նրա հոդվածը բոլորովին վերջերս լույս էր տեսել International Criminal Law Review ամսագրում, որը թեմայով ցայսօր տպագրված ամենաազդեցիկ իրավագիտական վերլուծությունն է։
Շատերի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարի համար դա կարող էր հրաշալի առիթ լինել ազատվելու Էդիտա Գզոյանից, քանի որ ընտրություններին նախընթաց նա փորձում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ «փնթի» որակված վերանորոգման պատասխանատվությունը նախարարությունից և իրենից հրել թանգարանի տնօրենի վրա։
Այնուամենայնիվ, սա միայն Էդիտայի՝ որպես իր երկիրը սիրող ու արժանապատվություն ունեցող հայ գիտնականի պատմություն չէ։ Ոչ էլ անգամ Հայաստանի կառավարչի ու Ժաննա Անդրեասյանի՝ որպես նախարար ձախողման հերթական արձանագրումը։ Այս պատմությունը նաև սեփական իրավունքներից ու հայրենիքից հրաժարման ու դրա հետ մեկտեղ Հայաստանում ակադեմիական անկախության սպանության և գիտական/մշակութային հաստատությունների խոցելիության մասին է։ Սա ապացուցում է, որ լինես տնօրեն, թե հասարակ գիտաշխատող, դու խոցելի ես, որովհետև չկա որևէ գործուն մեխանիզմ քեզ պաշտպանելու վերադասի կամայականություններից։
Սա գրում եմ որպես մարդ, որի մասնագիտական կենսագրության զգալի մասն անցել է թանգարանում, որտեղ աշխատել եմ 2008-2018թթ․։ 2017-2018 թթ․, երբ ես էի ղեկավարում թանգարանը որպես տնօրենի պաշտոնակատար, թանգարանի իրավական կարգավիճակը ՊՈԱԿ-ից փոխվեց հիմնադրամի։ Այն ժամանակ հավատ կար, որ կարգավիճակի փոփոխությունը կմեծացնի մեր ակադեմիական ազատությունը։ Սակայն դրանք պատրանքներ էին, իսկ ազատության օղակն ավելի սեղմվեց։
2018թ․ մեկնեցի Հյուսիսային Կարոլինայի համալսարանում դասավանդելու և դոկտորական ատենախոսություն գրելու։ Երբ վերադարձա 2024 թ-ին, թանգարանի նորընտիր տնօրեն Էդիտա Գզոյանը սիրով բացեց իմ առջև թանգարանի դռները։ Իրար դժվարությամբ սկսեցինք վստահել, բայց աստիճանաբար դարձանք հզոր մի թիմ ու շատ դժվարություններ հաղթահարելով՝ կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասանք։ Դա պատահական չէր, քանի որ մեր տեսլականներն ու արժեքները, սկզբունքներին հավատարմությունը գրեթե նույնական էին։ Մի պահ ինձ թվում էր՝ մենք անկասելի ենք․․․
Մոտ երկու ամիս առաջ տեղափոխվել եմ UCLA։ Այստեղ տեղեկանալով կատարվածի մասին ու բարի նախանձով նայելով այստեղի ակադեմիական միջավայրին՝ հերթական անգամ խորհում եմ ոչ միայն ՀՑԹԻ-ի, այլ հայաստանյան հասարակագիտական մտքի ճգնաժամի մասին։ Հիշում եմ իմ ու Էդիտայի զրույցներն ու քննարկումները։ Էդիտան անկոտրում հավատ ուներ, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան փոխել, ստեղծել արևմտյան որակի գիտական միջավայր և իր լավատեսությամբ վարակել էր թանգարանը։
Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում Էդիտայի նման պայծառ մտքերը սովորաբար դուրս են մղվում ու մարգինալացվում, շատ դեպքերում էլ՝ արտագաղթում։ Մեր ողբերգությունն այն չէ, որ մենք ճահճի մեջ ենք․ մեր ողբերգությունն այն է, որ մեզ հարմար ենք զգում այդտեղ․․․
Եթե Հայաստանը ցանկանում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան գիտական միջավայր, ապա առաջնային պետք է լինի ոչ միայն արտադրողականության խրախուսումը, այլև ինստիտուցիոնալ պաշտպանության ստեղծումը։ Սեփական կարծիք ունեցող մտավորականը պետք է պաշտպանված լինի իշխանության ոտնձգություններից։ Առանց դրա ակադեմիական հաջողությունները կմնան ժամանակավոր, իսկ համակարգային խնդիրները՝ հարատև։
Մենք պետք է փոխվենք, այլապես ինքներս մեզ կոչնչացնենք․․․
Գևորգ Վարդանյան
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դոկտոր, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հետդոկտորական գիտաշխատող
Աղբյուրը՝ Mediamax.am-ի