Արթուր Սարգսյանը դատական նիստին հայտարարեց՝ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը 18 արդարների գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նախորդ դատական նիստին, երբ երկարացվեց իր տնային կալանքը 3 ամսով, դատավորն իրեն խոսքի իրավունք չտվեց։

«Միգուցե ինձանի՞ց եք վախենում, ասեմ՝ դրա կարիքը չկա, բայց դուք վախենում եք ոչ թե ինձանից, այլ իմ ճշմարիտ խոսքից»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ասաց՝ դատավորը սահմանափակել է իր տեղաշարժը, սակայն չի կարող սահմանափակել իր սկզբունքները, տեսակը։

«Չեք կարող սահմանափակել էն սյունեցիների կամքը, ովքեր կանգնած են իմ թիկունքում։ Ես պայքարել եմ, կլինեմ բանտում, փողոցում, թե այլուր, պայքարը շարունակելու եմ, որպես սյունեցի ես չեմ ծնկելու, առաջիկայում մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին»,-ասաց Ա. Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարանը սահմանափակել է նաև իր ընտրողները կամքն ու իրավունքը։

Կարեն Ֆարխոյանն ասաց՝ որևէ մեկից չի վախենում։

«Առավել ևս ձեզանից կամ որևէ այլ անձից»,-ասաց Ֆարխոյանը։

Leave a Comment