ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը Բարսելոնում հանդիպել է OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ


 


«Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC Barcelona) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ՝ ընկերության ռազմավարական դաշինքների փոխնախագահ Թերեզ Ժամայի և ապարատային ճարտարապետության գլխավոր պատասխանատու Վիոլանտե Մոսքիանոյի գլխավորությամբ։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգում և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հաստատման հնարավորությունները։


 


Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժը և այն պետական նախաձեռնությունները, որոնք աջակցում են կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։ Ռուբեն Սիմոնյանը հատուկ ընդգծել է հայաստանյան համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների դերը որպես որակյալ կադրային բազա միջազգային ընկերությունների համար։


 


OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին, իրականացվող ծրագրերին և քննարկելու հետագա գործակցության հեռանկարները։


 


 


 


Leave a Comment