Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան–Ղազախստան ռազմական հետախուզական համագործակցության համաձայնագրին

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետա­խուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: 

Հանձնարարվել է ՀՀ  արտաքին գործերի նախարարին և ՀՀ պաշտպանության նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը: 

Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերն իրականացնելու են լիազորված մարմինների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որի ընթացքում իրականացվելու են ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության արդյունավետության, համակարգման և փոխգործակցության գնահատումը:

Համաձայնագրի շրջանակներում Կողմերը գաղտնի տեղեկատվությունը փոխանակում են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև ապահովում են սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը:

Կողմերը սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չեն օգտագործում ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի և չեն  կարող փոխանցել երրորդ կողմի՝ առանց համապատասխան տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։

Կողմերը չեն իրականացնում նաև մյուս Կողմի դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն։

Համաձայնագիրը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝

  • ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում,
  • ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում,
  • ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում:

Leave a Comment