Հայաստանում հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել։ Այն, ըստ ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցի, կսկսվի մայիսի 8-ին ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Քաղաքական ուժերը, սակայն, նախընտրական ակտիվ քննարկումների և վերդասավորումների փուլում են։ Ընտրությունների նախապատրաստման գործընթացներ են թե’ ընդդիմադիր, թե’ իշխանական դաշտում։
«Այսօր գնում ենք Արարատի և Արմավիրի մարզեր»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի միայնակ՝ ընտրողների ձայների 50+1 %-ը ստանալու ակնկալիքով։
Իշխող ուժն այսօր ներկուսակցական քարոզարշավի երկրորդ փուլն է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճանաչում եք՝ Ալենք Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Դավիթ Խուդաթյանն է այստեղ, Մխիթար Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Վահագն Ալեքսանյան, Արուսյակ Ջուլհակյան և այլն»։
Մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկուսակցական քվեարկություն էր անցկացրել։ Հայտարարվել էր, որ քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ ստացած 50 թեկնածուները պետք է մասնակցեն հաջորդ փուլին՝ մարզային և ներհամայնքային քարոզչությանը, որի արդյունքներով էլ կձևավորվի կուսակցության համամասնական ցուցակը։
«Ներկուսակցական քարոզարշավն է մեկնարկում և, իհարկե, մենք կունենանք կուսակցական միջոցառում։ Այս ընթացքում նաև կօգտվենք առիթից և կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք քաղաքացիների հետ»։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ներկուսակցական քարոզարշավի հետաքրքիր օրեր են սպասվում, նաև հետաքրքիր շփումներ քաղաքացիների հետ:
Դրանցից մեկը Մեծամորի բակերից մեկում նարդի խաղացողների հետ էր ։
«Լավն է զառը, վատը չի, վատը չի։ Դեմը ընտրություններ է պիտի կրվեմ։ Չէ՛, նարդին կրվեմ, որ ընրտությունները կրեմ»։
Մինչ «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է իր ներկուսակցական քարոզարշավը, ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են։
Թեև առաջին նախագահի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել ընդդիմադիր դաշտին համախմբվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ։
Մեջբերում․ «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։
Սակայն Սամվել Կարապետյանը չի կարող ոչ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու լինել։ Դա նրան թույլ չի տալիս Սահմանադրության 148 -րդ հոդվածը, որը հստակ սահմանում է՝ վարչապետի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և վերջին 4 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում:
Սամվել Կարապետյանը Հայաստանի, Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:
Կուսակցությունը հայտարարել է, որ նախընտրական ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով կկառավարի անցումային ժամանակահատվածը և կհամակարգի ԱԺ–ի գործողությունները սահմանադրական փոփոխության իրականացման համար։
Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Այս համագործակցությունը « Հայաստան» խմբակցության ձևաչափով գործում է նաև 8-րդ գումարման խորհրդարանում։
Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է՝ իշխանությանը վախեցնում է «Գյումրի 2» սցենարի կրկնությունը, երբ ընդդիմադիր ուժերի միավորմամբ կոալիցիոն իշխանություն ձևավորվեց ։
«Լուրջ մտահոգություն ունեն ու այդ մտահոգության համար պատճառ ունեն և ճիշտ են անում, որ մտահոգվում են․ ամբողջ ընդդիմության միասնական քվեն լինելու է ավելի շատ քան իրենցը»։
Մինչև 2018-ը Հայաստանում իշխանության ղեկին կանգնած Հանրապետական կուսակցութունը դեռ որոշում չունի։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան․ «Ո՛չ, դեռևս չունենք և դա զարմանալի չէ, որովհետև առաջին հայացքից դա հեշտ բան է, կամ մասնակցում ենք կամ չենք մասնակցում։ Բայց երբ մտնում ենք էության մեջ այդտեղ երկվություն կա․պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»։
Ընտրութուններին չմասնակցելու որոշում արդեն ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը։ Գործադիր մարմինն արձանագրել է, որ ընդդիմադիր մեծաթիվ ուժերի մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների մասնատման, իսկ գաղափարական հիմք չունեցող դաշինքներ չեն ուզում ձևավորել։
Փոխարենը միավորվելու մասին են հայտարարել «ՀայաՔվե»-ն ու «Միասնության թևեր»-ը։ Քաղաքական նախաձեռնությունները նշել են, որ համագործակցության հուշագիր են ստորագրել՝ առաջիկա համապետական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու համար։
Ընդդիմադիր ուժերի միավորման ակնկալիք ունեն նաև ԲՀԿ-ում։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով: Դաշինք չի կազմվի, բայց ցուցակում կլինեն տարբեր ուժերի ներկայացուցիչներ և անկուսակցականներ:
ԲՀԿ առաջնորդն ասել է, որ մտադիր է «քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու գաղափարները»։