ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան, ինչն ազդելու է ինչպես նվազագույն, այնպես էլ հիմնարար թոշակների վրա: Կառավարությունը այս քայլը ներկայացնում է որպես տարեց քաղաքացիներին սոցիալական աջակցություն և կյանքի որակը բարելավելու միջոց, մինչդեռ որոշ քաղաքական ուժեր հարց են բարձրացնում դրա նպատակահարմարության ու ժամանակի ընտրության վերաբերյալ: Ընդդիմադիր քաղաքական գործիչներն այս քայլ դիտում են, որպես նախընտրական քայլ։
«Ապրիլի 1-ից Հայաստանի Հանարապետությունում կենսաթոշակները կբարձրանան»։
Ապրիլի 1-ից թոշակները բարձրացնելու կառավարության մտադրության մասին հանրությանը ֆեյսբուքյան տեսանյութով տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փորձեց ավելի մանրամասն բացատրել, թե ինչքան ու ինչպես է փոխվելու կենսաթոշակների չափը։
Ըստ Թորոսյանի՝ Հայաստանում կենսաթոշակները հաշվարկվում են մի քանի բանաձևերով, որոնց հիմքում «հիմնական կենսաթոշակն» է։ Այս պահին այն 24 հազար դրամ է, իսկ ապրիլի 1-ից կդառնա 34 հազար դրամ, ինչի արդյունքում կաճեն այդ հիմքով հաշվարկվող բոլոր կենսաթոշակները։
«Այսինքն՝ բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետև հաշվարկվելու են 34 հազար դրամը ներառյալ և հետևաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10 հազար դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 հազար դրամ է, և հետևաբար այն դառնալու է 46 հազար դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիների, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն՝ դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու»։
Ապրիլի 1-ից թոշակները բարձրացնելու կառավարության որոշումն ընդդիմադիր դաշտում որպես նախընտրական քայլ են դիտարկում։
«ՀայաՔվեի» գնահատմամբ՝ կենսաթոշակառուներին ամեն ամիս տրվող գումարին 10 հազարական դրամ ավելացնելը, այսպես ասենք, նախընտրական կաշառք է` ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ:
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը թոշակների բարձրացումը քաղաքական հաշվարկի արդյունք է համարում ։ Նրա համոզմամբ՝ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի գործոնն է ստիպել իշխանությանը ընտրություններից առաջ գնալ այս քայլին։
«8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ի՞նչ անի այդ գումարի հետ»։
Արձագանելով ընդդիմադիրների այս կարծիքներին՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է 2018-ի իրավիճակը։
«Հիմա եկեք մի պահ նայենք՝ ինչ վիճակ էր 2018 թվականին, երբ որ իշխանություն էին Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը: Նվազագույն կենսաթոշակի գումարը գիտե՞ք ինչքան էր կազմում՝ 16 հազար դրամ: Այսինքն՝ մենք ութ տարվա մեջ նվազագույն կենսաթոշակը ավելացրել ենք 30 հազար դրամով և չհաշված հետվճարը»։
Ընդդիմադիր գործիչներին Նիկոլ Փաշինյանը հակադարձում է տնտեսական ցուցանիշներով։ Ըստ վարչապետի՝ կառավարությունը երկու հիմնական պատճառ ունի այս որոշման համար։
«Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը և, ճիշտն ասած, բավականին մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում և բյուջետային հատկացումները, որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար, և հունվարի և փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը, այնուամենայնիվ, ճիշտ է եղել»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրկաշառք» որակելը սխալ է: Նախարարի խոսքով՝ այս հնարավորությունը տալիս է երկրում արձանագրվող տնտեսական աճը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես քայլը տնտեսական շղթայում է դիտարկում․ մարդիկ աշխատում են, վճարում հարկեր, իսկ այդ գումարով կառավարությունը հնարավորություն է ստանում բարձրացնելու կենսաթոշակները։
Ավելի բարձր թոշակ կենսաթոշակառուները կստանան ապրիլի 1-ից, ու սա, ըստ էկոնոմիկայի նախարարի, ապրիլմեկյան կատակ չէ։
«Այս օրը խաբելու օրը չի, այդ օրը հումորի, ժպտալու և ծիծաղի օրն է և մեր տատիկ-պապիկները կունենան ևս մեկ առիթ՝ ժպտալու, ծիծաղելու և իրենց ծերությունն ավելի բարեկեցիկ վայելելու, քան մինչ այս է եղել»։