«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Լիդսի» հետ կապված միջադեպին:
Ֆուտբոլիստի հավաստմամբ՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց ընդամենը մեկուկես օր առաջ իրեն զանգահարել է անհայտ մի անձ և տեղեկացրել, որ «Լիդսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել՝ վարձակալություն՝ հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու պայմանով։
«Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ եք ինձ զանգահարում, ընդհանրապես ովքե՞ր եք դուք: Ես գործակալ չունեմ, և հորդորեցի ուղիղ ակումբ զանգահարել: Պատուհանի փակմանը մնացել էր ընդամենը մեկ օր, ես այդ զրույցին ամենևին լուրջ չվերաբերվեցի: Ցավոք, նման դեպքեր անընդհատ են գրանցվում»,- նշել է Սպերցյանը:
Զրույցի ընթացքում հիշատակվել է նաև, որ անգլիական ակումբը հայ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվել է նաև նախորդող ամռանը և նախորդ ձմռանը, սակայն գործընթացն այդպես էլ ավարտին չի հասել:
Արձագանքելով այն դիտարկմանը, թե վերջին օրով նման պայմաններով առաջարկ անելն անհարգալից վերաբերմունք է և տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ բարձրակարգ առաջնության ֆուտբոլիստի մասին է, Սպերցյանը նշել է.
«Առավել ևս, որ ես վստահ եմ՝ նրանք ունեն ակումբի ղեկավարության կոնտակտները: Եթե իրոք ցանկանում եք կամ մտածում եք այդ տրանսֆերի մասին, ապա միանգամից ակումբ զանգահարեք: Ստացվում է այնպես, որ ամեն կես տարին մեկ ինձ տարբեր մարդիկ են զանգահարում՝ առանց որևէ լուրջ քայլի»:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։