ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ից պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Նա այսօր հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Նախարարները քննարկել երկկողմ գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հայաստանի ու Իրանի պետական օրհներգերի ներքո Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում ընդունել են ՀՀ աշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Դիմավորման արարողությունը տեղի է ունեցել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ․ այդ մասին սոցցանցում գրել է Սուրեն Պապիկյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը նաև որոշ մանրամասներ է հրապարակել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման մասին․ «Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան գործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակելու աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ»:
Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Իրանագետ Արմեն Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարևորեց Իրանի հետ հատկապես ռազմատեխնիկական գործակցության զարգացման հնարավորությունների քննարկումը․
«Հայաստանը ամեն կերպ փորձում է Իրանի հետ ռազմատեխնիկական գործակցություն զարգացնել։ Իրանի հետ մեր երկխոսությունը ռազմավարական բնույթ ունի։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Հնդկաստանից զենքի և սպառազինություն էր բերում Իրանի տարածքով և որոշ ժամանակ առաջ որոշակի խնդիրներ էին առաջացել, և Հայաստանի իշխանությունների երկխոսությունը Իրանի իշխանությունների հետ այդ առումով Հայաստանի համար շատ կարևոր էին։ Ընդհանուր, եթե նայենք, կողմերը հիմա գնում են ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։ Վերջերս այդ մասին Իրանի դեսպանը հայտարարեց, և բնականաբար այս տեսանկյունից շատ կարևոր է, որ նաև Հայաստան-Իրան ռազմատեխնիկական գործակցությունը զարգանա։ Չնայած առայժմ չի նշում, որ Իրանը Հայաստանին կարող է զենք վաճառել, բայց ապագայում չի կարելի բացառել նաև այդ սցենարը»։

ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին, անդրադառնալով Սուրեն Պապիկյանի այցին, ասել է, որ այն նախապես ծրագրված էր, և դա, նրա կարծիքով, վկայում է երկու երկրների հարաբերությունների վերելքը։
«Այս այցը ևս մեկ անգամ փաստում է տարբեր ոլորտներում մեր երկրների միջև գործակցության զարգացման և կապերի մասին։ Այս այցը երկու երկրների տարբեր պատվիրակությունների միջոցով արդեն պլանավորված էր։ Այս այցի շրջանակում կողմերը կկարողանան կարծիքներ փոխանակել տարբեր թեմաների շուրջ և խորացնել գործակցությունը»։
Շիրղոլամին ասել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է խաղաղության սահման, և այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար։ Իրանի դեսպանն ասել է, որ ռազմական ոլորտում երկու երկրների գործակցությունը հիմնված է պատմական կապերի, սահմանների անձեռնմխելիության և երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա։
Նա պարզաբանել է, որ հաշվի առնելով տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանական բնագավառում Թեհրանի ու Երևանի կապերը, հավանական է համարում, որ հայ-իրանական զորավարժություններ տեղի ունենան նաև ապագայում և լինեն ավելի մասշտաբային։ Նա այս մասին նշել է՝ հիշեցնելով անցած տարի տեղի ունեցած Հայաստան-Իրան զորավարժությունները։
Իրանագետ Արմեն Վարդանյանը ևս հնարավոր է համարում հայ-իրանական նոր զորավարժությունները․ «Ճիշտ է, այդ զորավարժությունների բնույթը այնպիսին էր, որ Հայաստանն իր տարածքում էր անում, Իրանը՝ իր, բայց դրանք, այնուամենայնիվ, համատեղ էին։ Եվ ես չեմ բացառում, որ այդ սցենարն ավելի զարգանա, և ավելի լայնամասշտաբ համատեղ զորավարժություններ անցկացվեն»։
Այսօր Իրանի շուրջ առկա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում հայ-իրանական հարաբերություններում կան հարցեր, որոնք ամենայն հավանականությամբ քննարկել են երկու երկրների պաշտպանության նախարարները՝ կարծում է իրանագետը․
«Իրանին ձեռնտու է, որ Հայաստանը լինի անվտանգ, Հայաստանը չլինի հակաիրանական գործողությունների հարթակ, նաև Հայաստանի ֆիզիկական սահմանը փոփոխությունների չենթարկվի։ Սրանք են Իրանին մտահոգող հարցերը։ Հայաստանին էլ որոշ հարցեր են մտահոգում, և այդ ուղղությամբ բնականաբար քննարկումներ, երկխոսություն եղել են միշտ ու կշարունակվեն»։
Սուրեն Պապիկյանի հանդիպումները Իրանում շարունակվում են։ Նախարարը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ և քննարկել պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան գործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։