Մեր տպավորությունն այն է, որ շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որ կարող ենք խաղաղությունը համարել անշրջելի․ Փաշինյան

Դուք ԱՄՆ առաջին փոխնախագահն եք և ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբևէ այցելում է Հայաստան։ Եվ սա, կարծում եմ, ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի և միացյալ Նահանգների հարաբերություններում։

ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ընդլայնված կազմերով հանդիպման ժամանակ։

«Ես ուզում եմ իմ շնորհակալությունն արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին և Ձեզ՝ նախորդ տարվա օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում։ Մեր տպավորությունն այն է, որ շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որ կարող ենք խաղաղությունը համարել անշրջելի։ Հիմա մեր խնդիրն է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ ԹՐԻՓՓ նախագիծը իրականացնել համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին»,- ասել է Փաշինյանը։

 

 

Leave a Comment