
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր նշանակված նիստը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ ՀԱՍԵ գործով դատական նիստը, որը, սակայն, կարճ է տևել։ Սարոյանը դատական նիստին չի ներկայացել, միջնորդել է՝ հետաձգել այն՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։ Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, սակայն, պնդել է, որ հայցվորը պատշաճ ծանուցում ստացել է։
Արա Զոհրաբյանը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը, սակայն, չքննարկվեց նիստում՝ Սարոյանի բացակայությամբ պայմանավորված։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև փետրարի 9-ը, ժամը՝ 11։00-ն։
Հիշեցնենք, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունով՝ Արման Սարոյան), հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։