Վնգստացող դատավորները կկարողանան կազմակերպել այն ցանկալի միջավայրը, որը Արշակ սրբազանին կշարունակի պահել կալանքի տակ․ ԱԺ պատգամավոր

Անընդհատ պետք է կրկնենք՝ ինչի համար է կալանավորված Արշակ սրբազանը։ Արշակ սրբազանի կալանքը Նիկոլի ցանկությունն է՝ քաղաքական ուղիղ հրահանգով, մի բանի համար, որ չի դարձել տիրադավ, չի միացել կոմպրոմատների գերիներին։ Նիկոլին ինչ էր մնում՝ գործի դնել իր պատժիչ մեքենան, իսկ այդ պատժիչ մեքենայի մեջ մնացել են միայն հեղինակազրկված իրավապահները, որոնք ստրկական կարգապահությամբ կատարում են իր SMS-ները,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության քննությանը։

Հիշեցնենք, որ Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո մակագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Միջնորդության քննությունը սկսվել է այսօր՝ երեկոյան։

Ման են եկել հարմար դատավոր, ման են եկել մարդ, որը միանշանակ պետք է կատարի ու դուրս չգա քաղաքական կոնյունկտուրայի շրջանակից։ Դրա համար Արշակ սրբազանի կալանքի երկարացումը մի քանի դատավորների մոտով անցել է, անգամ փոխվել է դատարանի նստավայրը։ Գալով, հասնելով Կենտրոնի դատարան, որտեղ Նիկոլի ասած՝ վնգստացող դատավորները կկարողանան կազմակերպել այն ցանկալի միջավայրը, որը Արշակ սրբազանին կշարունակի պահել կալանքի տակ,- հավելեց Աննա Մկրտչյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment