«Եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի, մեղավոր են լինելու ընդդիմադիրները»․ այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի այսօր կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նա տարակուսեց, որ ընդդիմադիրները փոխանակ լուծումներ ներկայացնեն, ամեն օր զբաղված են բացատրելով, թե ինչքա՜ն վատն են իշխանությունները․ «Ցավոք, ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն ունակ է առկա հարցերի պատասխանները տալ»։
Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ առաջիկա ընտրություններից առաջ ընդդիմադիրները «կուսակցական էգոիզմը» պետք է մի կողմ դնեն։
Քաղաքագետը խնդիրներ է տեսնում նաեւ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում, որտեղ իրավունքներ կան, բայց պատասխանատվություն սահմանված չէ, չկան դրույթներ, որոնք թույլ չեն տա, որպեսզի պատգամավորներին ենթարկեցնեն գործադիր իշխանությանը։ Նա գտնում է, որ կուսակցությունների գաղափարախոսությունների առումով էլ պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի ՔՊ-ի նման ուժերը չկարողանան գալ եւ «ցնդաբանություն» ներկայացնել հասարակությանը՝ ասելով՝ «տանք ամեն ինչ ու մնանք իշխանության»։ Նա հատկապես, իշխանական պատգամավորների պաշտպանության բարձրացման մասին է մտահոգ։
Ի դեպ, Ստեփան Դանիելյանը ընտրակաշառք է որակում պետական բյուջեից Նիկոլ Փաշինյանի տրամադրած տարեվերջյան պարգեւատրումները։
Քաղաքագետի համոզմամբ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի խնդրանքով է ստորագրվել, այն նախընտրական նպատակ ունի, քանի որ հրապարակված փաստաթղթում իրավական պատասխանատվություն չի ենթադրվում։
Իսկ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությունները բանախոսն ակնհայտ է համարում, քանի որ թուրք եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ հայտարարում են՝ իրենք պաշտպանում են ՀՀ գործող իշխանությանը։
Ամեն դեպքում, նա կարծում է, որ այս ընտրությունները իշխանություն ձեւավորելու համար չեն, այլ սահմանադրական կարգը վերականգնելու եւ արտաքին ազդեցությունը չեզոքացնելու եւ սա ընդդիմությունը պետք է հասցնի հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: