ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում մեղադրել է ԱՄՆ-ին երկրում անկարգություններ հրահրելու մեջ և դատապարտել Վաշինգտոնի «անպատասխանատու» և անօրինական պահվածքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր Թեհրանին, որ ԱՄՆ-ն կարող է օգնության հասնել ցուցարարներին, նախօրեին ևս մեկ անգամ կրկնել է. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։ «Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է», — հավելել է Թրամփը:
«Միացյալ Նահանգների և Իսրայելի համակարգված պահվածքը պարզ է: Սադրիչ հայտարարություններով, քաղաքական ազդանշաններով և հրապարակային սպառնալիքներով նրանք խրախուսել են բռնությունը, աջակցել ահաբեկչական խմբավորումներին, հրահրել հասարակության ապակայունացումը և փորձել խաղաղ ցույցերը վերածել անկարգությունների՝ «աջակցության», «փրկելու» կամ «իրանական ժողովրդին պաշտպանելու» անվան տակ»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իրանցի դիվանագետի նամակում:
Իրավանին նաև մեղադրել է ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ և դատապարտել նման «ապօրինի և անպատասխանատու» պահվածքը։
ԱՄՆ-ի ապակայունացնող գործելակերպը, նշել է նա, խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, և Իրանը կտրականապես մերժում է դրանք։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։
Հունվարի 8-ին տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը։ Դրանք ուղեկցվել են խժդժություններով։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հայտնել է, որ ցուցարարները մայրաքաղաքում այրել են 25 մզկիթ, վնասել 26 բանկ, երեք բժշկական կենտրոն, գերատեսչական 10 շենք, 48 հրշեջ մեքենա, 42 ավտոբուս և շտապօգնության մեքենա, նաև 24 բնակարան:
Միջազգային ԶԼՄ-ները հայտնել են 4 տասնակ զոհերի և հազարավոր վիրավորների մասին: Զոհեր կան և՛ ցուցարաների, և՛ իրավապահների շրջանում: