«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից ներկայացնելով լուսանկար:
«Առողջապահական ռոմանտիկա՝ 2000 դրամի շրջանակում.
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է պոլիկլինիկա և հայտարարել․
«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում՝ ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը՝ յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»։
Շատ գեղեցիկ ձևակերպում է։
Միայն մի «փոքր» մանրուք է բաց թողնված․ այդ «բարձր գնահատվող» մասնագիտական դերն ու առաքելությունը ապահովագրական համակարգում արժե 2000 դրամ։
Այո՛, ըստ գործող մեխանիզմի՝ բժշկի խորհրդատվությունը պետական առողջապահական ապահովագրության շրջանակում փոխհատուցվելու է ընդամենը 2000 դրամով։
Համեմատության համար հիշեցնեմ, որ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում (որը, ի դեպ, գտնվում է նույն նախարարության ենթակայության ներքո) բժշկի խորհրդատվության արժեքը կազմում է 10․000–25․000 ՀՀ դրամ։
Սիրելի բժիշկներ, ստացվում է, որ
նախարարը ձեզ սիրում է, հպարտանում է ձեզնով, բարձր է գնահատում ձեր առաքելությունը,
բայց ձեր ամենօրյա նվիրված աշխատանքը պետական մակարդակով գնահատվում է 2000 ՀՀ դրամ։
Հ․Գ․ Կխնդրեմ բժիշկներին մեկնաբանել՝
ինչ է իրականում նշանակում «բժիշկ մասնագետի ընդլայնված խորհրդատվություն», և ինչով է այն տարբերվում «սովորական» խորհրդատվությունից՝ բացի անվանումից և գնից:
Նկարը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պաշտոնական էջից»։