Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապին փրկել հայ գերիներին․ National Catholic Register-ի անդրադարձը

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի․ Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ դեռևս բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար․ նշված է National Catholic Register թերթի հոդվածում։

Սուրբ Ծննդից առաջ ուղարկված նամակը, որը ստորագրել է մոտ 15 կրոնական գործիչ, կոչ է անում Հռոմի պապին բանտարկյալներին ազատ արձակելու հրապարակային կոչ հղել՝ պնդելով, որ նման միջամտությունն առանձնակի բարոյական նշանակություն կունենա։ 

«Կոչը կենտրոնանում է առնվազն 23 հայ ռազմագերիների վրա, որ գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկման ժամանակ․ այս գերիները մոտ 80 հայերի թվում են, որոնք դեռևս անհետ կորած են համարվում Ադրբեջանի ագրեսիայից հետո, ինչը ստիպեց ավելի քան 120․000 հայի փախչել իրենց համար Արցախ անունով հայտնի շրջանից», – ասված է հոդվածում։

Ստորագրողները նաև պնդել են, որ հայ գերիների ճակատագիրն ավելի լայնածավալ բռնաճնշումների դրսևորում է, որը հաջորդել է Արցախի զավթմանը։

Նման արշավը, նրանց պնդմամբ, ներառում է տարածաշրջանում քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացումը։ 

Leave a Comment