2025 թվականի ինտենսիվ բանակցությունների և աշխատանքի շնորհիվ Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալի իրադարձություններ է սպասում 2026–ի սկզբից։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդհանուր առմամբ գոհ է եղել անցնող տարուց և լավատես 2026–ի համար։ Կոնկրետ ժամանակացույց նախարարը չի նշել, բայց փակագծեր է բացել 2026–ին սպասվող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել այսպես․ եվրոպական ինտեգրում առանց անդամակցության՝ պահպանելով ՌԴ–ի հետ ունեցած կապերը։ Նախարար Միրզոյանը վստահ է, որ Հայաստանին առայժմ հաջողվում է իրականացնել բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն։
2026–ը, ըստ Հայաստանի արտգործնախարարության սպասումների, «գետնի վրա» էական արդյունքների տարի է խոստանում։ Ընդ որում՝ Հայաստանի արտգործնախարարը չի բացառում, որ կատարված աշխատանքի պտուղների խորհրդանշական հատվածը տեսանելի կարող է լինել անգամ այս տարվա վերջին օրերին։ Նախարարը սա ասում է հայ–թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ գնահատումների հիմքում ունենալով երկաթուղու Գյումրի–Կարս հանգույցի գնահատման ուղղությամբ փորձագիտական խմբի փոխադարձ այցելությունները։
«Իմ գնահատականը շատ լավատեսական է։ Ես չեմ կարող ասել` դա կլինի հունվարի 1, 10, թե 20, թե 30։ Ես չեմ ուզում ասել` բոլոր հնարավոր քայլերը տեղի կունենան հունվարին, թե մի մասը կլինի հունվարին, մի մասը` մարտին, մի մասը` մայիսին կամ սեպտեմբերին, կամ հաջորդ դեկտեմբերին։ Բայց այդքան երկար չեմ կարծում, թե ամբողջը տևի։ Սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբը, դեռ երկու օր ունենք։ Կարծում եմ, որ մենք անպայմանորեն այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց ունենալու ենք։ Մի քիչ ժամկետների առումով կանխատեսում չեմ ուզում անել։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում, շատ մոտ»։
Այս առումով նաև Թուրքիայի նախագահն էր օրեր առաջ ենթատեքստով խոսել 2026-ի սկզբին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլերի հավանականության մասին։
Թուրքիայի հետ 2025–ին ունեցած ինտենսիվ և շատ դրական գնահատվող երկխոսությունից հետո, ըստ նախարար Միրզոյանի, ժամանակն է, որ լինի մեծ, շոշափելի առաջընթաց «գետնի վրա»:
Իրականություն դառնալու մեծ հավանականություն ունեցող իրադարձություններից մյուսը նույնպես կապված է Հայաստանի ապաշրջափակման և երկաթուղու գործարկման հետ։ Հայկական և ամերիկյան կողմերն ինտենսիվորեն աշխատում են, դետալ առ դետալ քննարկում համատեղ կոնսորցիումի ստեղծման հարցերը, և չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին պատրաստ լինի TRIPP–ին առնչվող առաջին փաստաթուղթը։
«Եվ հետագայում արդեն կհասնենք նրան, որ հաջորդ տարվա երևի երկրորդ կեսին «գետնի վրա» շինարարություն էլ կունենանք»։
Նախարար Միրզոյանը խոստովանում է, որ TRIPP ուղուն վերաբերող հարցեր առաջացել էին Իրանում, բայց վստահեցնում է, որ երկկողմ քննարկումների շնորհիվ ձևավորված մոտեցում կա, որ ապաշրջափակվող Հարավային Կովկասը հնարավորություններ է ստեղծում նաև Իրանի համար։
2026–ին ընդառաջ՝ հիմքեր են ստեղծվել նաև մեկ այլ իրադարձության համար։ Հայաստանը հաջորդ տարի օգտվելու ակնկալիքներ ունի ԵՄ «Խաղաղության գործիք»–ից։
«Մենք ունեցանք «Եվրոպական խաղաղության» գործիք կոչվող մեխանիզմի ներքո աջակցություն Հայաստանի Հանրապետությանը պաշտպանության ոլորտում։ Մի հատ եղավ, երկրորդը ձգձգվում էր։ Երկրորդի վերաբերյալ կոնսենսուսն էլ արդեն հայտարարվեց, և դա էլ կլինի։ Սկսելու ենք բանակցություններ երրորդի շուրջ»։
ԵՄ–ի հետ աշխատանքի ուղղությունն այս տարվա համար ընդհանուր առմամբ ռազմավարական նշանակություն ուներ Հայաստանի համար։ Համապատասխան փաստաթուղթը նաև ստորագրվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև։ Սակայն, սա վտանգներ և քողարկված նպատակներ չի պարունակում ՌԴ–ի համար և այն կառույցների, ուր ընդգրկված է Հայաստանը, վստահեցնում է նախարար Միրզոյանը։ Նա ասում է, որ Ռուսաստանը Հայաստանից «դուրս բերելու», քաղաքական, տնտեսական կապերը խզելու օրակարգ չկա։ «Դա ուղղակիորեն ասվում է միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի»,– հայտարարել է նախարարը։
Այդուհանդերձ, Հայաստանը շարունակելու է ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կնքել տարբեր երկրների հետ, ինչի սկիզբը դրվել է 2025–ին։
Եվրոպական համայնքը, ի դեպ, ամենայն հավանականությամբ մայիսի սկզբին կհավաքվի Երևանում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան են այցելելու միջազգային առաջնորդներ։ Երևանում սպասում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ադրբեջանի հետ բանակցություններն առհասարակ այն հարցն է, որից ակնկալիքներ կան, բայց ժամկետներ նախանշել հնարավոր չէ։ Թեև կողմերը խաղաղությունը հաստատված են համարում, նախաստորագրված փաստաթղթի վերջնական ստորագրման ճակատագիրը դեռ պարզ չէ։ Այս հարցով բանակցություններ և հանդիպումներ կարծես թե չկան։
«Գործընթացը այս պահին զարգացում չունի․ կա՛մ մենք պայմանավորվում ենք՝ ե՞րբ և որտեղ ենք ստորագրում, կա՛մ՝ չենք պայմանավորվում։ Դեռ չենք պայմանավորվել։ Տեքստը հիշու՞մ եք, դեռ մարտին համաձայնեցված է, օգոստոսին նախաստորագրվել է։ Սրա վրա այլևս աշխատանք չկա անելու։ Իհարկե, պետք է սա ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Մենք չունենք երկու կողմից ընդունված և դրա վրա աշխատվող օրակարգ, նկատի ունեմ Սահմանադրության հարցը՝ իրենց կողմից բարձրացվող։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք՝ մեր և դեռևս այստեղ համաձայնություն չունենք։ Մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բազմաթիվ բաներ արվում են և կան հարցեր, այո, կարևոր հարցեր, որտեղ դեռ չունենք փոխըմբռնում և համաձայնություն։ Դե պետք է շարունակենք աշխատել»։
Հարցերը, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն հասնում, վերաբերում են և՛ Բաքվում պահվող հայ գերիներին, և՛ «Արևմտյան Ադրբեջան» ու «Զանգեզուրի միջանցք» խոսույթի շարունակական կիրառությանը։ Սրանք հարցեր են, որ դեռ լուծումներ են պահանջում, բայց նախարարի խոսքով՝ խնդիրները պետք է հաղթահարվեն առաջ շարժվելու ճանապարհին, որը կողմերը դեռ ամբողջությամբ չեն անցել և չեն հաղթահարել։