Apricot Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ զրուցել ենք Հայաստանում ներդրումային ոլորտի զարգացման և հեռանկարների մասին։
–Վերջին մեկ–երկու տարում զգալիորեն ավելացել են Հայաստանում ներդրումային ընկերությունների շրջանառությունները և վճարած հարկերը։ Սա եղել է ի հաշիվ արտերկրի՞, թե` նաև տեղական հաճախորդների սպասարկման ավելացման։
-Նշեմ, որ վերջին տասնամյակներում Հայաստանի ֆինանսական համակարգը լուրջ զարգացում է ապրել, և բանկերը մշտապես եղել են խոշոր հարկատուների ցանկում։ Իհարկե մեր ոլորտի աճի մեջ մեծ դեր խաղաց նաև վերջին տարիներին դեպի Հայաստան նկատված կապիտալի մեծ ներհոսքը և ֆինանսական ծառայությունների արտահանման նկատմամբ ձևավորված պահանջարկը։ Մեր երկիրը, իր չափերի համեմատ, բավականին մեծ մասնաբաժին է գրավել։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ մեր ֆինանսական համակարգի ծառայությունների մոտ 10%-ը արտահանվում է։ Երևի թե ներդրումային ընկերությունների մոտ այդ մասնաբաժինը մի փոքր ավելի բարձր է։
Նշեմ նաև, որ ներդրումային ընկերությունների ակտիվացումը հասարակության ֆինանսական էվոլյուցիայի բնականոն փուլերից է։ Մարդիկ սկսել են խնայողությունից անցում կատարել դեպի ներդրումներ, ինչը զարգացած տնտեսությունների օրինաչափությունն է։ Այժմ ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ընկերությունների թիվը 23-ն է։ Ներդրումային ծառայություններ մատուցում են նաև արդեն իսկ կայացած բանկերը։
Ասեմ, որ տեսանելի է շուկայի տարանջատումը․ տեղական ներդրողներն ավելի շատ են, բայց հիմնականում ունեն ոչ շատ խոշոր ներդրումներ, օտարերկրացիների դեպքում հակառակն է․ նրանք փոքրաթիվ են, բայց իրենց ներրդումների ծավալները մեծ են:
Հարկերի մասով հավելեմ, որ Apricot Capital-ը 2024 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով ՀՀ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ վճարելով մոտ 4,3 միրդ ՀՀ դրամ հարկ։
Մեր ենթակառուցվածքները, տեխնոլոգիական հագեցվածությունը, սպասարկման արագությունն ու որակը թույլ տվեցին սպասարկել օտարերկրյա հաճախորդների հոսքը, այդ թվում՝ ինստիտուցիոնալ՝ ապահովելով միջազգային ստանդարտի ծառայություն։
Մեր ընկերության նպատակն է մեծացնել Հայաստանում մանրածախ ներդրողների թիվը՝ ծանթացնելով մեր հասարակությանը արժեթղթերում ներդրումների հնարավորությունների հետ, որոնք կարող են ծառայել որպես դիվերսիֆիկացիայի այլընտրանք մեզ արդեն իսկ ծանոթ ավելի ավանդական գործիքներին, ինչպես օրինակ՝ անշարժ գույքին, ոսկուն կամ ավանդներին։
-Ո՞ր ոլորտներում են հիմնականում ներդրումներ կատարում ներդրումային ընկերությունները։
-Նշեմ, որ Հայաստանում լայն հանրության շրջանում կա թյուրըմբռնում ներդրումային ընկերությունների գործունեության մասին։ Apricot Capital-ի պես լիցենզավորված ներդրումային ընկերությունները ոչ թե ներդրում են կատարում ինչ-որ ծրագրերում կամ իրենց հաճախորդների անունից, այլ հանդիսանում են միջնորդ՝ կապող օղակ ներդրումային գործիքների և ներդրողների միջև։ Իսկ օրինակ մասնավոր ընկերությունների կապիտալում ուղղակի ներդրումներով զբաղվում են մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերը (private equity funds), որոնց ծավալները մեր երկրում դեռ մեծ չեն։ Ներդրումային ընկերությունները հիմնականում մատուցում են բրոքերային/դիլերային ծառայություններ, այսինքն՝ արժեթղթեր կամ արտարժույթ են գնում հաճախորդի հայտերի հիման վրա։ Մեր ծառայությունների որակն ու մրցունակությունը կախված է նրանից, թե որքան արագ ու քիչ ծախսերով ենք դա անում։ Ներկայացված ցուցանիշներից կարող եք դատել, որ ի վիճակի ենք տրամադրել պահանջված լուծումներ։ Բնականաբար, հաճախորդներից շատերին նախևառաջ հետաքրքրում են գլոբալ շուկայի արժեթղթերը, քանի որ մեր շուկան դեռ շատ փոքր է։
-Այսինքն, մեր ներդրումային ընկերություններն իրենց հաճախորդներին կարող են տալ նաև հասանելիություն դեպի գլոբալ շուկաներ։
-Այո, ու նման գործիքների շրջանակը ևս բավականին ընդլայնվել է։ Մի քանի տարի առաջ ոլորտում հիմնական գործարքներն արտարժույթի ու պարտատոմսերի առուվաճառքն էր, հիմա ավելացել են նաև բաժնային և ածանցյալ գործիքները։ Կրիպտոակտիվներով գործարքները, կարծում եմ, ևս կավելանան, երբ ԿԲ-ն կամբողջականացնի դրանց կարգավորող ենթաօրենսդրական դաշտը։ Այսպիսով ընդլայնվել են հասանելի շուկաների և գործիքների քանակը։
–Ոչ ֆինանսական ընկերությունների բորսայական թողարկումները մնում են սահմանափակ։ Արդյոք նկատու՞մ եք այդ ընկերությունների կողմից հետաքրքրության աճ, թե՞` առայժմ ոչ
-Մինչև 2023 թիվը, այո, հիմնական թողարկողները բանկերն էին․ նրանց համար միջոցների ներգրավման այս գործիքը լուրջ այլընտրանք էր ավանդներին, մանավանդ որ պարտատոմսերի համար բանկերը սահմանում են 0,5-1% ավելի բարձր եկամտաբերություն։ Նշեմ նաև, որ մինչև 2027 թվականի ավարտը պարտատոմսերի դեպքում ֆիզիկական անձանց համար գործում են եկամտային հարկի արտոնություններ։ Ինչ վերաբերվում է ոչ ֆինանսական կազմակերպումների կողմից պարտատոմսերի թողարկամը, դրանք ավելի հազվադեպ էին հանդիպում։
Իրավիճակն էապես փոխվել է 2024-25 թվականներին, երբ շուկայում ակտիվացել են նաև շինարարական, ՏՏ, հեռահաղորդակցության ու հանքարդյունաբերական ընկերությունները։ Այդ ընկերությունների կողմից առաջարկվող պարտատոմսերը 3-4 տոկոսային կետ ավելի բարձր եկամտաբերություն են առաջարկում։ Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ այս ընկերությունների կողմից թողարկվող պարտատոմսերն ավելի ռիսկային են, քանի որ ի տարբերություն բանկերի կողմից թողարկող պարտատոմսերի՝ դրանք չեն երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
Այս զարգացումների արդյունքում, տեղական կորպորատիվ պարտատոնմսերի շուկան արդեն հատել է 700 միիլարդ դրամի շեմը, այսինքն՝ մոտենում է 2 միլիարդ ԱՄՆ դոլարին։
Հայաստանում երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական կայունությունը բերել է նրան, որ միջազգային ներդրումային ֆոնդերը սկսել են հետարքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Սակայն նշածս 2 միլիարդ դոլար կորպորատիվ պարտատոմսերի ծավալը միջազգային մասշտաբներով այդքան էլ մեծ թիվ չէ։
Բացի ծավալների ավելացումից, Հայաստանյան շուկան ավելի գրավիչ կդառնա, երբ մեր երկիրը ունենա ներդրումային մակարդակի միջազգային վարկանիշ։ Այժմ միջազգային վարկանիշային գործակալությոնների «մեծ եռյակի» վարկանիշներով (Fitch, Moody’s, S&P) մեր երկրի ռեյտինգը ներդրումայինից երկու-երեք նիշ ցածր է։ Եթե մենք հասնենք նշված մակարդակին, էլ ավելի հետաքրքիր կդառնանք համաշխարհային ներդրողների համար։
–Որքանո՞վ են ծանոթ ներդրումային այս հնարավորությունները մեր սպառողներին։
-Հայաստանում ներդրումային մշակույթը, թեև դանդաղ, բայց զարգանում է։ Կար ժամանակ, երբ ներդրումը պատկերացնում էին որպես ուղղակի մի կողմ դրած գումար, կամ լավագույն դեպքում՝ բանկային ավանդ։ Հիմա շատերը գալիս են այն մտքին, որ պետք է ունենալ դիվերսիֆիկացված ներդումներ։ Մեր ընկերության ստեղծման առաջին իսկ օրվանից մենք լուրջ ջանքեր ենք գործադրում Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթ ձևավորելու և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում մեր ներդրումն ունենալու համար։
-Ունե՞ք ուսումնական ծրագրեր՝ միգուցե նաև առցանց տեսանյութեր։
-Այո, պարբերաբար անցկացնում ենք վարպետության դասեր Հայաստանի տարբեր համալսարաններում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վերանորոգել և կահավորել ենք ժամանակակից լսարան, որտեղ պատմում ենք ներդրումային գործիքների, դրանց ռիսկերի և առանձնահատկությունների մասին։ Ունենք նաև կրթական նյութերի մեծ պաշար, որոնք անվճար հասանելի են մեր կայքում։ Ունենք փոդքասթ, որտեղ ներկայացնում ենք ներդրումների հիմնական սկզբունքները։ Ստեղծեցինք նաև բառարան՝ հիմնական ներդումային տերմիններով։
Վերջերս աջակցել ենք ֆինանսների մասին լայն հասարակության համար նախատեսված աշխարհում ամենահայտնի գրքերից մեկի՝ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը. երջանկության, ագահության և հարստության անվերջ դասեր» գիրքը։ Այնտեղ խոսվում է հենց այն մասին, թե ինչպես վարվել փողի հետ և կառավարել էմոցիոնալ որոշումները։
-Ի՞նչն է հատկապես կարևոր իմանալ՝ մեր պայմաններում։
-Թերևս՝ այն, որ արագ հարստանալու ճանապարհներ չկան, կամ եթե կան, ապա ռիսկային են։ Հիշենք անցած տարիների ֆինանսական բուրգերը, որտեղ կորել են մեր բազմաթիվ քաղաքացիների գումարները։ Ուստի մեր նպատակներից մեկն է բացատրել, որ, օրինակ, 300 հազար դրամը մի ամսում կամ նույնիսկ մի տարում չի կարող դառնալ 1 միլիոն։ Դա երկար ճանապարհ է, որի համար պետք է սովորել խնայել, այդ թվում՝ չանել աննպատակ, էմոցիոնալ գնումներ՝ պահի ազդեցության տակ։ Սա չի նշանակում, որ գումարը պետք է մի տեղ ներդնել ու մոռանալ դրա մասին։ Խնայողությունը պետք է սովորել կառավարել, այլապես գնաճը կարժեզրկի այն։
–Ինչպիսի՞ զարգացումներ ունեցաք ընկերության ներսում անցնող տարում։
-Կարող եմ վստահ ասել, որ Apricot Capital-ի համար աճի և հաջողության ևս մեկ տարի էր։ Ընկերությունը տոնեց իր երրորդ ամյակը՝ գրանցելով հաճախորդների, հասանելի շուկաների, կարողությունների և ընդհանուր մեր բիզնեսի աճ։ Ընդլայնվեց թիմը, այդ թվում՝ միջազգային փորձ ունեցող մասնագետներով։ Բարելավեցինք նաև մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքը, քանի որ ժամանակակից աշխարհում հաճախորդները ցանկանում են ամեն ինչ անել առցանց ու արագ՝ հաշիվ բացելուց մինչև բուն ներդրումների գործընթացը, և մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ է տալիս մեր հաճախորդներին դա անել արագ և ապահով կերպով։ Այստեղ կարևոր նորություններից էր այն, որ ստացանք ISO 27001 տեղեկատվական անվտանգության հավաստագիր։ Այս հեղինակավոր հավաստագրի ստացումը ենթադրում է նաև, որ ամեն տարի անցնելու ենք համապատասխան աուդիտ, որպեսզի շարունակական կերպով բարելավենք մեր համակարգերը և դիմակայենք կիբեռհարձակումների նոր տեսակներին։
Աշխատակիցների համար ևս կազմակերպել ենք դասընթացներ և ՏՏ հարձակումների սիմուլյացիոն թեստեր, որպեսզի տեսնենք, թե ինչպես են նրանք արձագանքում արտակարգ իրավիճակներին։ Աշխատանքներ ենք կատարել նաև մեր հավելվածի վրա, որի մասին եկող տարի լավ լուրեր կունենանք։
Ակնկալում ենք, որ 2026-ը լինելու է էլ ավելի դինամիկ աճի տարի։
-Շնորհակալություն։

